Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/191

Այս էջը սրբագրված է

դեռ նստած էր, ծանր, երկիրը նայիրի։ Մոտեցավ ձեռքը, բնազդաբար, իջավ ցնցվող ուսին Սևաչյա Պրիմադոննայի. Սևաչյա Պրիմադոննան խոսելու փոխարեն արցունքոտ ցուցամատով ցույց տվեց մոր ննջարանը Մազութի Համոյին։— «Գնա՛ այնտեղ»— ասաց արցունքոտ ցուցամատը Մազութի Համոյին։ Համո Համբարձումովիչը կարծես զգաց, հասկացավ կարծես Մազութի Համոն քստմնելի մի բան. ուղեղում, ուղեղի եղջյուրների վրա, երերաց, անհանգիստ, երկիրը Նայիրի։ Համո Համբարձումովիչը զգույշ, ինչպես գողը, մոտեցավ Անգինա Բարսեղովնայի ննջարանին։ Կռացավ, բանալիի ծակից ներս նայեց, Անգինա Բարսեղովնայի ննջարանը, Մազութի Համոն. օրորվեց, ուղեղի եղջյուրների վրա թպրտաց անհանգիստ երկիրը Նայիրի... Օրորվեց, թպրտաց անհանգիստ.— Նայիրի երկիրը, ցատկելով ուղեղի եղջյուրների վրայից, ցատկելով ուղեղից— նստեց Համո Համբարձումովիչի ականջներից բուսած… պոզերի վրա։ Եվ այդ տարօրինակ-երկար, հոր ականջներից ընտանեբար բուսած պոզերի արանքից, Մազութի Համոյին գաղտագողի մոտեցած, նրա ետևը շնչասպառ կռացած, Սևաչյա Պրիմադոննան տեսավ… մազերը, կռնակը և սպիտակ նստակը քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի), որին, նկարչական մի շքեղ կոնտրաստ կազմելով, քնքուշ փաթաթվել էին պղնձագույն սրունքներն Անգինա Բարսեղովնայի՝ իր, Սևաչյա Պրիմադոննայի, մոր—Համո Համբարձումովիչի անզուգական կողակցի