Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/195

Այս էջը սրբագրված է

Երկուշաբթի էր. հազար իհր հարյուր տասնչորս թվականի դեկտեմբերը։

Եվ այստեղից է ահա, որ, կարծես Մազութի Համոյի ուղեղից սահելով, կերպավորվելով աշխարհում, որպես Մազութի Համոյի ուղեղից ելած առտնին զառանցանք՝ գլորվեցին օրերը, տխուր ու աղետաբեր. գլորվեցին և իրականացան 1914, 15, 16 թվականները— ելան, տեսիլանման, հանճարեղագույն այդ ուղեղից և իրականացան այնտեղ, սահմանի այն կողմը, այնտեղ, ուր պիտի հառներ տարիների մուժից երկիրը Նայիրի, այնտեղ, ուր հեռացավ գնացքը՝ «նայիրյան ուժերով» բեռնավոր:— Իրականացան այդ տարիները, դաժան ու անկարելի, այնտեղ— Վանում, Բիթլիսում, Մուշում, Դիարբեքիրում, — այնտեղ— էրզրումում, Սվազում, Երզնկայում,— այնտեղ— Գարահիսարում... Անապատում ելած միրաժի նման՝ ելավ—գետնահարվեց, վերջին պատրանքով շնչավորված հնամյա երազը, գետնահարվեց— արդյո՞ք ընդմիշտ... Ու մնացին— դիեր, դիեր, դիեր, — առտնին զառանցանք։ Ու մնացին— ավերակներ։ Ու մնաց... Մազութի Համոն՝ նայիրյան այդ քաղաքում կանգնած կենդանի Նայիրի. որպես հավիտենական պերպետուում-մոբիլե, որ, ինքն իրեն սնելով, անսպառ քանակությամբ «ազգային եռանդ» է հղանում, շնչավորելով հավիտենացածը՝ մի՞թե անկարելին... Եվ բազում դեպքեր ու պատմություններ եղան մեր նկարագրած քաղաքում, բայց այդ բոլորը մենք թողնում ենք մի կողմ, թողնում ենք... դարերին։ Գլորվեցին, ինչպես ասացինք, 1914, 15, 16 թվականները, դատարկվեց