Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/196

Այս էջը սրբագրված է

ու ամայացավ այդ մռայլ տարիներում երկիրը Նայիրի,— բայց, ինչպես հայտնի է քեզ, ընթերցող, պատահեց այնպես, որ «ռուսը», ինչպես մեր նկարագրած քաղաքի բնակիչներն էին ասում՝ գրավեց երազյալ վայրերը, հասավ, իհարկե հասավ, Էրզրում, բայց ոչ թե «յոթ» օրում, ինչպես Մազութի Համոն էր գուշակում, այլ անհամեմատ ավելի երկար ժամանակամիջոցում: Բայց միթե ա՞յս է հարցը, ընթերցո՛ղ։ — Օ, ոչ. իհարկե ոչ։ Գրոշի արժեք չուներ այդ հարցը, մի ինչ-որ քաղաք գրավելու ժամանակամիջոցը սխալ գուշակելու խնդիրը, Մազութի Համոյի համար.— զինվորական չէր Մազութի Համոն և ոչ էլ ստրատեգ, այնպես որ նրա հաշիվներում պատահած այդ փոքրիկ սխալը, այդ ինքնին չնչին հանգամանքը, ապացուցում էր ամենից առաջ իրեն, Մազութի Համոյին, և ապա «Ընկերության» բոլոր մնացած անդամներին, որ «աղետների» հարցում միանգամայն անմեղ է ինքը, Մազութի Համոն, ինչպես և «Ընկերությունը»: Եվ ճի՛շտ որ. ինչո՞ւ հնարավոր չէր Էրզրումի գրավումը «յոթ» օրից, ո՛վ էր խանդարողը։ Ո՞վ կար դեմը կեցած, ինչ զորավոր ուժ. ռազմի ի՞նչ կարողություն... Ծիծաղելի էր, դառը ծիծաղ էր հարուցանում ինչպես Մազութի Համոյի իրա, այնպես էլ «Ընկերության» մյուս ազդեցիկ անդամների սրտում այդ անհասկանալի անհեթեթությունը... Ո՞վ, ո՞վ վերցրեց Վանը, եթե ոչ՝ Նայիրյան բանակը. ո՞վ վերցրեց նույն Էրզրումը... « — Սրիկաներ, լրբե՛ր, դավաճաննե՛ր» — փրփուրը շրթունքներին որոտում էր հաճախ, ձեռքե սեղանին խփելով. Տեղական Կոմիտեի նիստերին, Մազութի Համոն. — «Ո՛չ. էլ ես...