Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/198

Այս էջը սրբագրված է

հազար ինը հարյուր տասնյոթ թվականի փետրվարը...

Այստեղից է ահա, որ մենք պիտի անցնենք մեր

նկարագրած քաղաքի վերջին դեպքերի պատմությանը։

Սկսվեց նրանից, որ մի օր, միանգամայն անսպասելի կերպով, քաղաքի փողոցներում երևաց, զինվորականի շորերով և չսափրած, բորբսնած դեմքով, վեպիս երկրորդ մասից մեզ արդեն բավականին ծանոթ Կարո Դարայանը. ճիշտ այնպես, ինչպես առաջին անգամ իր հայրենի քաղաքը գալիս, եկավ ու իջավ ուղիղ պ. Մարուքեի բնակարանը: Եվ ահա, նրա գալուց ընդամենը մի օր հետո, ցերեկվա Ժամը մոտավորապես 11 ֊ին, հանկարծ փակեց «Լույսի» գրասենյակը Համո Համբարձումովիչը. հապշտապ, և այն էլ ոչ թե կառքով, այլ — չտեսնված երևույթ — ոտքով տուն եկավ Մազութի Համոն ու փակվեց իր առանձնասենյակում, հրամայելով ծառային, որ բոլոր իրեն հարցնողներին, բացի ըեկ. Վառոդյանից և բժշկից,հայտնի, որ ինքը տանը չէ։ Մինչև երեկո այդ օրն իր առանձնասենյակում մնաց Մազութի Համոն։ Վարագույրները քաշել էր ու նստել կիսախավարում. լուռ էր, գլուխը ցավում էր մի քիչ ուղեղում... պարապություն էր այդ օրը՝ անգո մի մշուշ, բաց տարածություն: Կտրվել էին կարծես օրերն ու տարիները, հատվել էր ինչ-որ բան Համո Համրարձումովիչի ուղեղում, այդ օրը ուղեղում, ինչպես ասացինք, մշուշ էր թափանցիկ բաց տարածություն: Բայց այդ բաց տարածությունը երբեմն-երբեմն սկսվում էր լցվել. կար-