Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/199

Այս էջը սրբագրված է

ծես քնած էր արթմնի ու, արթմնի երազում, տեսնում էր տեսիլներ. տեսնում էր.—

— Թեքվել էր Ագրիպպինա Վլադիսլավովնան իր վրա ու քնքո՜ւշ֊քնքո՜ւշ կկոցում էր, ինչպես մի անմեղ աղավնի... Նայում էր աչքերին. Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերում ևս մշուշ էր թափանցիկ,բաց տարածություն... Ագրիպպինա Վլադիսլավովնայի թվում էր փոքրի՜կ֊փոքրի՜կ. մանկական կարմիր շրթունքներով համբուրում էր Համո Համբարձումովիչի սառը շրթունքներն Ագրիպպինա Վլադիսլավովնան։ Նայում էր, անթարթ նայում էր Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերին Համո Համբարձումովիչն ու նկատեց. Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերի բաց տարածությունն սկսեց լցվել, լցվել, իմաստավորվել, իմաստ ստանալ։ — «Չե՞ս ճանաչում» — հարցնում էր բաց տարածությունն Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերից Համո Համբարձումովիչին. Համո Համբարձումովիչը նայեց— նայեց — ու վեր թռավ տեղից. երազից արթնացողի նման ձեռքով շփեց ճակատը Համո Համբարձումովիչը. նայեց՝ թեքվել էր վրան — իր անզուգական դուստրը՝ Սևաչյա Պրիմադոննան... նայում էր աչքերին։ Աչքերում — մշուշ էր անգո՝ բաց տարածություն: — «Ի՞նչ կա» — հարցրեց Համո Համբարձումովիչն անհանգստացած. Սևաչյա Պրիմադոննան հառեց աչքերը գետնին. հետո արագ— արագ, կարծես դաս ասելիս լիներ, խոսեց. Համո Համբարձումովիչն իր դստեր կարկտի պես թափվող խոսքերից միայն այն հասկացավ, որ ինքն իսկույն պետք է գնա գավառապետի բնակարանը։ Վեր կացավ Համո Համբարձումովիչը, հագավ վերարկուն, վերցրեց ձեռնափայտը. գնաց: