Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/20

Այս էջը հաստատված է

տարիներ շարունակ պաշտպանել է բնակիչներին չարից ու ոսոխից։ Բայց հիմա քարե այն հսկա ուղտերի սապատներն են միայն — ծուռ, կոշկոճ բլուրների նման — տեղ֊տեղ մնացել։ Մնացել են հիմա այն հին պարիսպների զարմանք հետքերը միայն — մեկն այստեղ ահա, բերդի պատերին կպած, մյուսն այնտեղ, գետեզերքին, մեկն էլ հեռո՜ւ֊հեռուն՝ քաղաքից դուրս։ Ամեն մեկը հիմա մամռապատ մի պատ է կատարյալ. չիմացողը կասի՝ ո՞վ է այս բլուրի քարերը հղկել, ազնվացրել և մամուռով պատել... Իսկ մի վիթխարի կտորը այդ առասպելական պարիսպի մինչև օրս էլ մնացել է քաղաքի միջով անցնող գետի ճիշտ մեջտեղը. գետի մեջտեղը մնացած պարիսպի այդ կտորն է ահա, որ կոչվում է հիմա Վարդանի կամուրջ: Կարծում են՝ կամուրջ է եղել և համոզված են, որ այդպիսի մի կամուրջ Վարդան զորավարը միայն կարող էր շինել, որովհետև այսօրվա միամիտ նայիրցին այն ամենը, որ մե՚ծ է և զարմանալի, ինչ որ նայիրյան է ու հաղթական— վերագրում է Վարդան Մամիկոնյանին, վերջին այդ արքայակերպ նայիրցուն, որի մասին այսօր ամեն մի հասարակ նայիրցի այնքանը միայն գիտե, որ բարեկենդանի հինգշաբթի օրը բոլոր նայիրյան եկեղեցիներում պատարագ է լինում նրա հիշատակին, երգվում է «Լռեց ամպերը», և այդ օրը բոլոր նայիրցիները «տոն» ունեն, այսինքն— անվանակոչություն... Բայց այդ չէ, իհարկե, պատճառը, որ Վարդանի կամուրջը նայիրցիների աչքին դարձել է խորհրդավոր մի հրաշք՝ ահռելի գեղեցկություն։ Ասում են— և այդ բոլորը գիտեն— որ գետում խեղդվածները գալիս հավաքվում են կամուրջի