Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/203

Այս էջը սրբագրված է

սրճարանում. բայց հավանություն չգտավ։ — «Ջևզեկ-զևզեկ չխոսես նե, հայվա՛ն, քու ի՞նչ խառնվելու գործդ է» — բարկացավ Հաջի Օնիկ Էֆենդին ու ավելացրեց, մի փոքր լռելուց հետո, ջոր ու խրատական։ « — Ատ սինլըքորներու զուռնան ետքը կիքանանք, յավրո՛ւս»— ու դուրս գնաց ձեռնափայտը գետին խփելով — չոր ու խրատական։ Ուզում էր տուն գնալ Հաջի Մանուկոֆ Էֆենդին, բայց Հաջու տան ճանապարհն ընկնում էր Հինգ-հարկանի Շենքի մոտով. դեռ նոր էր թեքվել դեպի այդ շենքը Հաջին, երբ ետ-ետ գնաց, զարհուրած կրթնեց պատին։ — Դեմը, Հինգհարկանի Շենքի առաջ, Օնիկ Էֆենդին տեսավ — զորքեր, զորքեր, զորքեր. անհաշիվ բազմություն։ Դեմը — վեր ցցված սվիններ, ու վեր ցցված սվինների միջից Հաջի Օնիկ Էֆենդի Մանուկոֆը տեսավ—Հինգհարկանի Շենքի պատշգամբը. պատշգամբում տեսավ — մի քանի զինվորներ, նրանց մեջ իրան— պ. Մարուքեին, իր հորջորջած՝ «քամի կուլ տվող» Կարո Դարայանին և սրանց մեջտեղը— օ՜, զարհուրանք,— իրան՝ ոստիկանապետին... Գլուխը բաց էր ոստիկանապետի. Հաջի Մանուկոֆ Էֆենդու նայած վայրկյանին՝ մի ինչ֊որ սալդաթ պոկում էր նրա, ինչպես տեղացիք էին ասում ուսդիրներին՝ «չիները», «քամի կուլ տվողը» բռնել էր օձիքից ոստիկանապետի ու ցույց տալով ոստիկանապետի վախից ցամաքած դեմքը ներքևում կանգնած զինվորներին՝ «քամի կուլ տվողն» ասում էր անկարելի խոսքեր: Շուռ եկավ Հաջի Օնիկ Էֆենդին ճեպով— վազեց հակառակ ուղղությամբ։ Դեմից, նույնքան սարսափած որ շփոթված, դեպի ինքն էր գալիս — ընկ. Վառոդյանը.