Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/204

Այս էջը սրբագրված է

ընկ. Վառոդյանի փափախը թեքվել էր մի կողմ. զենքը չկար։ « — Ո՞ւր Հաջի՛» — հարցրեց ընկ. Վառոդյանը՝ դեմքը, աղաչական, Հաջուն մոտեցնելով. «— Գնա՛, գնա՛, յավրո՛ւս. ինծի հետ գործ չունիս» — հրեց նրան մի կողմ Հաջի Օնիկ էֆենդին ու շարունակեց վազել իր վազած ուղղությամբ։ Ու դեռ չէր շուռ եկել դեպի կողքի փողոցը, երբ նորից ստիպված եղավ պատին կպչել Հաջին, կողքի փողոցից շուռ եկան դեպի ինքը ու լցրին փողոցը— զորքեր, զորքեր, զորքեր— անթիվ բազմություն.— դեպի Հինգհարկանի Շենքն էին դնում նրանք։ Խառնված նրանց, այդ սալդաթներին, գնում էին նաև մրոտ մարդիկ, «բաշիբուզուկներ» — ինչպես մտածեց Հաջին.— երկաթուղագծի ծառայողներն ու բանվորներն էին դրանք, որ խառնվել էին զորքին— սալդաթներին: Սարսեց, քար կտրեց տեղն ու տեղը Հաջին։ Հաջին տեսավ, բաշիբուզուկները, մեջ առած, տանում էին... բարձրաստիճան Սոխին, զինվորներով ու բաշիբուզուկներով շրջապատված, գլխաբաց, առանց ուսդիրների, կալանավորի նման գետին նայելով, քայլում էր... բարձրաստիճան Սոխը, — այսինքն գավառապետը... Բնազդաբար ձեռքը գլխարկին տարավ Հաջի Օնիկ էֆենդին, երբ անցնում էր մոտից գավառապետը. բարեբախտաբար, չնայեց նրա կողմը, և Հաջի Օնիկ էֆենդին մի գոլ ուրախություն զգաց իր ներսում, որ չնայեց իր կողմը գավառապետը։ Բայց Հաջու այդ վայրկենական ուրախությունը հաջորդ վայրկյանին տեղի տվեց մի անզուսպ բարկության, անգամ կատաղության.— գավառապետին շրջապատող զինվորների ու բաշիբուզուկների ետևից