Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/205

Այս էջը սրբագրված է

երգելով ու աղմկելով, գնում էին քաղաքի տկլոր երեխաները․ նրանցից ոմանք գտել էին թիթեղե թեյամաններ ու զինվորական կատելոկներ, որոնց տակերին խփելով նրանք անասելի աղմուկ էին բարձրացնում — վայրի երաժշտություն։ Զայրույթից ոլ կատաղությունից Հաջի Մանուկոֆ էֆենդու ծնկներն սկսեցին դողալ. կընկներ, եթե շարժվող զինվորների պատանման հոսանքը չպահեր։ Հոսանքն անցավ, շրջվեց դեպի Հինգհարկանի շենքը, փողոցը դատարկվեց։ Հանգիստ շունչ քաշեց Հաջի Մանուկոֆ էֆենդին. հետո նստեց պատահաբար անցնող «Լույսի» գրասենյակի կառքը քիչ անց, քրտնաթոր, ինչպես բաղնիքից ելած, իր տան առջևը իջնում էր կառքից Մանուկոֆ էֆենդին։ — «Ո՞ւր է աղադ» — հարցրեց Հաջին կառապանից՝ նրան դրամ տալով.— «էսօր կանտոր չէ էկե, չեմ տեսե պատասխանեց կառապանը, շուռ տվեց կառքը․ գնաց։

Խորհրդավոր ժպիտը դեմքին, ժպիտ, որի մեջ խառը կային թե' զարմանք, թե՚ անսպասելի ուրախություն և թե՛ խորին ակնածանք,— հանդիպեց Հաջի Օնիկ էֆենդուն Հաջու ազիզ կողակիցը — Նունուֆար հանըմը. շնչասպառ, նրան հանձնեց իր ձեռնափայտը Հաջին և ուզում էր արդեն ընդունարանը մտնել, երբ Նունուֆար հանըմը կտրեց նրա ճանապարհը. Նունուֆար հանըմը մատները դրեց Հաջի Օնիկի շրթունքներին,— «ը՜ս՜ս՜ս »—մատները Հաջու շրթունքներին դնելով՝ խորհրդավոր ժպտաց Նունուֆար հանըմը, «յա՛վաշ, հերիֆ,նեսը մարթ կա…»; <Վո՜ւվ կա» — չոր, ցցվեց էֆենդին՝ դեմքին վախ ու սարսափ.