Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/208

Այս էջը սրբագրված է

և ընկ. Վառոդյանը, այսինքն Կենտրոնաուղեղասարդի Տեղական Կոմիտեն, այսինքն նայիրյան տիեզերական ոգու Տեղական Սուբստանցիան իր դիրքն էր որոշում դեպի կատարվող դեպքեր և այս տիեզերական հանգամանքը չէր ըմբռնում Հաջին. Հաջին չէր հասկանում այս տիեզերական դեպքի ամբողջ նշանակությունը։ Թե ի՞նչ որոշում հաներին կատարվող դեպքերի մասին Համո Համբարձումովիչը, բժիշկը և ընկ. Վառոդյանը հարևան սենյակում — Հաջի Մանուկոֆ էֆենդին, իհարկե, չիմացավ և չէր էլ կարող իմանալ. բայց շուտով պիտի իմանար և պիտի իմանար նաև այն, թե ի՜նչ բարի պատեհություն էր իր համար այդ թանկագին հյուրերի այդ օր իր մոտ գալը։ Եվ այս ամենը Հաջին պիտի իմանար ընդամենը մի շաբաթ անց, երբ բժիշկ Սերգե Կասպարիչը շրջանային կոմիսար էր արդեն, իսկ Համո Համբարձումովիչը — Քաղաքային խորհրդի նախագահ...

Տարօրինակ, մութ, չհասկացված դեպքեր պատահեցին նայիրյան այդ քաղաքում այդ մի շաբթվա ընթացքում։ Դեպքեր, որոնք ծածկված են գաղտնիքի ու խորհրդավորության անթափանցելի քողով — և դժվար թե որևէ մեկին երբևիցե հաջողվի վեր հանել այդ քողը և նայել կատարված դեպքերի իսկական աստառին։ Այնպես որ այստեղ մենք պիտի խուսափենք զանազան ենթադրություններ անելուց ու եզրակացություններ հանելուց. պիտի պատմենք լոկ այնէ ինչ որ մեզ հաջողվել է տեսնել սեփական աչքերով կամ լսել մարդկանցից, որոնք