Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/21

Այս էջը հաստատված է

տակ գտնվող ահռելի վիհերում. վիհի՛ վրա է կանգնած այդ հսկա քարակույտը—ահա՛ թե ինչ։ Նրա տակ դատարկ է, բոլորովին դատարկ։ Եվ այդ դատարկության վրա, որպես նայիրյան հնամենի զարմանք, ելել է կամուրջը, կախվել է, ծանր ու հաստատ, վիհերի վրա։ Վարդանի կամուրջը:— Եվ այդ անհուն, անհատակ վիհերում, որոնց մեջ ջուրն անգամ վարանում է լցվել— ապրում են ջրային գազաններ. պառավներ, մարդագլուխ գոմեշներ, ջրային հսկա մի օձ, որ կամուրջի «տերն» է, կամուրջի բարի ոգին— և երկու ջրահարս։ Ահա թե ինչու ոչ մի քաղաքացի չի համարձակվում լողանալ կամուրջի մոտերքը. քանի՜-քանի անգամ եղել են դեպքեր, երբ մի առաքինի, խելոք, բարի նայիրցի գիշեր. ժամանակ Վարդանի կամուրջի մոտերքից անցնելիս զգացել է հանկարծ, որ քաշում են իրեն վար, դեպի վիհերը Վարդանի կամուրջի,— կանչում են, հմայում են, ուզում են խեղդեն։ Եվ քանի՜-քանի անգամ Վարդանանց տոնին սուրբ Գևորգ եկեղեցու քարե ամբիոնից տեր Հուսիկ քահանան զգուշացրել է քաղաքացիներին, որ նման դեպքերում ամեն մի իսկական նայիրցի իսկույն պետք է հիշի Վարդան զորավար քաջին և ամրապնդվի պապերի հավատքով: Պիտի մտաբերի այն մեծ նպատակը, որի համար ընկել է նա Ավարայրի դաշտում— և չվարանի։ Եվ եթե չվարանի՝ կցնդի, քամի կդառնա այն չար զորությունը, որ թշնամու ցանկությամբ կախվել է Վարդանի կամուրջի վրա։ Եվ Վարդանի կամուրջը կդառնա հավատքի մի խորան՝ բարի մի զորություն։— Հարության սյո՛ւն կդառնա Վարդանի կամուրջը հավատացողի համար— ասել է հաճախ տեր Հուսիկ քահանան։