Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/210

Այս էջը սրբագրված է

ունի նաև ընկ. Վառոդյանը, երևակայո՞ւմ եք՝ այն ընկեր Վառոդյանը, որ, ինչպես գիտեն՝ Տեղական Կոմիտեի անդամ էր վաղուց հետե և Համո Համբարձումովիչի անձնական բարեկամը։ Չգիտենք մատ ունե՞ր թե չէ այդ լուրերը տարածելում ընկ. Վառոդյանը, բայց փաստը մնում էր փաստ. և այդ փաստն այն էր, որ ինքն ընկ. Վառոդյանը գտնվել էր մի ինչ-որ հայտնի ցուցակում, այսինքն ոչ թե հայտնի, այլ գաղտնի, որ հայտնի էր դարձել Կարո Դարայանի, այդ «քամի կուլ տվող» նայիրցու շնորհիվ։ Դե արեք ու բան հասկացեք սրանից- և այն էլ սա դեռ ամբողջը չէ։ Բանն այն է, որ այդ ցուցակը, ինչպես ասում էին՝ լրիվ չէր. չորս թերթ պոկված էր այդ ցուցակից, և այդ չորս թերթի շուրջն էր ահա, որ Կարո Դարայանն ամեն մի ժողովում բարձրացնում էր անասելի աղմուկ, անտանելի հարայհրոց։ Եվ վերջապես ինչքան աղմուկ ուզում էր՝ կարող էր բարձրացնել Կարո Դարայանը, բայց ինչո՞ւ էր կապում նա իր այդ աղմուկը Համո Համբարձումովիչի— Մազութի Համոյի հետ: Պ. Մարուքեին նայած՝ այնպես էր դուրս գալիս, իբր Համո Համբարձումովիչի և բժիշկ Սերգե Կասպարիչի ձեռքերի գործն էր այդ հայտնի, այսինքն գաղտնի ցուցակի առաջին չորս թերթերի անհայտ անհետանալը. բայց ո՞վ կհավատա պ. Մարուքեին։ Օ, ոչ, մենք չէինք հավատա նման զրպարտությանց և չէինք էլ հավատում, չնայած որ— այդ ես հաստատ գիտեմ— անգամ ընկ. Վառոդյանն այդ առթիվ որոշ շրջաններում արել էր բավականին երկմիտ հայտարարություններ։ Բայց ենթադրենք անգամ, որ որոշ հիմք ունեին պ. Մարուքեի հայտարարությունները. հարց՝ ինչո՞ւ