Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/211

Այս էջը սրբագրված է

էին Մազութի Համոն և Սերգե Կասպարիչը, բժիշկը (եթե միայն նրանց ձեռքերի գործն էր չորս, թերթերի անհայտ անհետանալը) — ինչո՞ւ էին նրանք ցուցակում թւղել հինգերորդ թերթը, որի մեջ գտնվեց իրենց անձնական բարեկամի, իրենց Տեղական Կոմիտեի անդամի— ընկ. Վառոդյանի անունր։ Չենք հասկանում, մնում ենք շվարած, մնում ենք— ձեռնաթափ։ Եվ ապա՝ ինչո՞վ պիտի շահագրգռված լիներ ընկ. Վառոդյանը վերոհիշյալ հայտարարություններն անելով. մի՞թե ցանկալի էր նրան իր անձնական բարեկամների, իր հետ միասին Տեղական Կոմիտեում նստող այդ պատկառելի ընկերների վարկաբեկումը.— իհարկե ոչ, կասե ամեն մի խելքը գլխին անձնավորություն. — չէ՛ր կարող ցանկալի լինել, ինչքան էլ վիրավորված լիներ ընկ. Վառոդյանը հայտնի ցուցակի երևան գալով։ Համոզված պնդում ենք մենք այս, մանավանդ որ մի շաբաթ անց մի կտրուկ հայտարարությունով Տեղական Կոմիտեն թյուրիմացության հետևանք հայտարարեց ընկ. Վառոդյանի հայտնի, այսինքն գաղտնի ցուցակում գտնվելու պատմությունը. այո՛, մի շաբաթ անց Տեղական Կոմիտեն իր պատկառելի ստորադրությամբ հայտարարեց ու հաստատեց ի լուր հանրության, որ ցուցակում գտնվել է ոչ թե Վառոդյան ազգանունը, այլ— Բարության և որ այդ Բարությանը ոչ մի կապ չունի ամենքին ավելի քան հայտնի ընկ. Վառոդյանի հետ։ Եվ այդ հայտարարությունը լույս տեսնելու երկրորդ օրը,— մի ավելորդ ապացույց ևս, որ իզուր էին պ. Մարուքեի չարամիտ զրպարտություններն ընկ. Վառոդյանը հասցեին. — ընկ. Վառոդյանը նշանակվեց քաղաքի