Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/213

Այս էջը սրբագրված է

էր տալիս քաղաքի նիսիա (ինչպես Հաջի Օնիկ էֆենդին էր ասում) բնակիչներին և, առաջին հերթին, —պ. Մարուքեին։ Բայց մենք խղճի ամենայն հանգստությամբ պիտի ասենք, որ մինչև վերջ էլ չէինք հավատում պ. Մարուքեի չարամիտ փսփսուկներին և չէինք էլ հավատա, և այժմ այս տողերը ղու չէիր կարդա, ընթերցող, եթե մեր աչքին բավականին ծանրակշիռ մի հանգամանք շուտով չգար խախտելու մեր այդ անհողդողդ հավատքը. բանն այն է, որ Կարո Դարայանը ևս, իր եղերական վախճանից մի քանի օր առաջ, իմ, հեղինակիս, ներկայությամբ մի անգամ հայտարարեց մի բավականին բազմամարդ ժողովում, որ տեսել է այն երեկո, ավելի ճիշտ կլինի ասել` մարտի 2֊ի գիշերը, ժամը մոտավորապես 2-ին, Համո Համրարձումովիչին և «Մութ Տեղի» պաշտոնյայի նետ Հինգնարկանի Շենքից ելնելիս: Հարց` ի՞նչ գորձ ունեին գիշերվա այդ ուշ ժամին այդ ակնածելի վայրում Համո Համբարձումովիչը և Սերգե Կասպարիչը— բժիշկը... Հիշում եմ, երբ տվեց այս հարցը Կարո Դարայանը Համո Համբարձումովիչին— դահլիճում, ուր տեղի էր ունենում ժողովը, տիրեց ահասարսուռ լռություն, զարհուրելի զարզանդ... բոլորը, քար կտրած, սպասում էին Համո Համբարձումովիչի պատասխանին։ Թվում էր, թե եբրայական Եհովայի նման, կամ ինչպես Զևսը— կփրփրի ահա Համո Համբարձումովիչը,— այդ, մենք կասեինք` նայիրյան Արամազդը. — եբրայական Եհովայի, կամ հունական Զևսի նման ցասման կայծակ ու շանթ կթափե այդ եղկ մահկանացուի գլխին, այդ ողորմելի մահկանացուի, որ համարձակվում է կասկածի տակ