Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/215

Այս էջը սրբագրված է

ակնածանքը դառնորեն արձագանքում Համո Համբարձումովիչի արդարություն հայցող աղեկտուր ձայնին... Ահա իրողությունն ,ընթերցո՛ղ.փաստ չկար, կար— մթին կասկածանք: Գրում եմ այնպես, ինչպես տեսել ու լսել եմ ես, առանց եզրակացություն հանելու. հանի՛ր, ինչ եզրակացություն որ կուզես, ընթերցող.— Պիղատոսի նման մենք լվանում ենք մեր ձեռքերն այս մութը, անհասկանալի, անիմանալի գործից։ Ասենք միայն այն, որ փաստ չլինելու պատճառով Համո Համբարձումովիչն արդարացավ, անգամ ասում էր հետագայում, որ, եթե կենդանի մնար Դարայանը— նրան դատի պիտի կանչեր, հեղափոխական դատարանի առաջ պատիվ պիտի պահանջեր նրանից ինքը,բայց, դժբախտաբար, Կարո Դարայանն այնպես անսպասելի կերպով զոհ գնաց անհայտ չարագործների ձեռքից, և Համո Համբարձումովիչը մնաց չբավարարված:

Այո՛, մութը, կասկածելի, խորհրդավոր դեպքեր էին, որ տեղի ունեցան այդ շաբաթվա ընթացքում նայիրյան այդ քաղաքում, և այդ դեպքերից ամենամութն ու ամենակասկածելին Կարո Դարայանի մահն էր, նրա անսպասելի սպանությունն անհայտ չարագործների ձեռքով: Եվ իզուր էր, իր՝ միլիցիապետի բոլոր կարողությունները գործի դնելով, քրտնաթոր որոնում նրա դիակը և նրան սպանողներին ընկ. Վառոդյանը.— նրանք չգտնվեցին։ Ոչ միայն չգտնվեցին նրանք(այսինքն Կարո Դարայանի դիակը և Դարայանին սպանողները), այլև շատ շուտով կոցվեց հայտնի չէ, թե նայիրյան այդ քաղաքից ո՞ւր