Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/22

Այս էջը հաստատված է

Բայց միշտ այնպես է պատահում, որ ամենավտանգավոր վայրկյանին թռչում է Վարդանի անունը վարանոտ քաղաքացու ճղճիմ ուղեղից ու մնում է տեղը —դատարկ տարածություն, սարսափելի զարզանդ, որ, ի դեպս ասած, ավելի է բարձրացնում Վարդանի կամուրջի հրաշալի հմայքը քաղաքացիների աչքին։ Եվ ես չգիտեմ, չեմ կարող պատկերացնել թե որքան խղճուկ ու անհետաքրքիր պիտի թվար նայիրյան այդ քաղաքը նրանում ապրողների աչքին, եթե այդ կամուրջը չլիներ։ Բայց արի տես, որ այդքան հետաքրքիր ու զարմանալի հնամյա այդ քաղաքում միայն կամուրջը չէ։ Եվ եթե առաջարկվեր բնակիչներին ձեռք քաշել քաղաքի հրաշալիքներից մեկն ու մեկից, հայ է դեռ՝ չէի՞ն զիջի նրանք Վարդանի կամուրջը — հօգուտ Առաքելոց եկեղեցու: Ուզում եմ ասած լինեմ, որ չնայած Վարդանի կամուրջը քաղաքացիների սրտին չափազանց մոտ լինելու հանգամանքին—ուրի՛շ բան է այդ նույն քաղաքացիների համար Առաքելոց եկեղեցին: Առաքելոց եկեղեցին ամենամեծ ու ամենանվիրական հրաշալիքն է, զարդն է, զարմանքն է այդ հնամյա քաղաքի — և բացի նրանից չկա մի ուրիշ ավելի հմայիչ զարմանք քաղաքացիների համար։ — Ինչ որ է հոգին մարմնի նկատմամբ, ինչ որ է ուղեղը, աչքը կամ սիրտը՝ մարդու կազմվածքում–նո՛ւյնն է Առաքելոց եկեղեցին նայիրյան այդ քաղաքում։—Ինչ որ է Նոտր Դամը փարիզցիների համար—նույնն է այդ քաղաքի բնակիչների աչքին— Առաքելոց եկեղեցին:

Բերդից դեպի հյուսիս, վարը, բլուրի լանջին, ծվարել է Աոաքելոց եկեղեցին, որպես քարից շինած մոխրագույն մի թռչուն: