Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/220

Այս էջը սրբագրված է

դարձել Կարո Դարայանի սպանությունից և պ. Մարուքեի անհետանալուց հետո այդ օր. Սաթոն, և մենք ցավում ենք, որ նա ժամանակին չընկավ հեղափոխական իշխանության, այսինքն ընկ· Վառոդյանի ձեռքը։

Բայց սուտը սուտ, իսկ ռուսական առածն ասում է— «Չիք ծուխ առանց կրակի»: Իհարկե, ռուսական այդ առածը ևս կարելի է այնպես շուռ տալ, որ դուրս գա, — սատանան գիտե, թե ինչ· որ դուրս գա այն, ինչ ով ուզում է՝ նայած քեֆին ու ճաշակին։ Օրինակ՝ այդ առածից ելնելով կարելի է ասել, որ ներկա դեպքում «ծուխը» օր· Սաթոյի տարածած ստերն էին, իսկ «կրակը» — Հենց ինքը՝ օր. Սաթոն... Եվ սա այսպես էլ էր, որովհետև վերստին ձերբակալությանց օրից մի երկու օր անց այնպիսի մի ծուխ տարածեց այդ կրակը, այսինքն օր. Սաթոն, որ բոլոր քաղաքացիք, մանավանդ Համո Համբարձումովիչը, բժիշկը և ընկ· Վառոդյանը ստիպված էին քթները պահել, որպեսզի չխեղդվեն այդ ծխից, ավելի լավ է ասել՝ այդ ծխանման գարշահոտությունից, որ տարածում էր այդ «կրակը»: Իսկ այդ ծուխը կայանում էր նրանում, որ օր· Սաթոն, ո՞վ գիտե ի՞նչ անիմանալի միջոցներով ու ճանապարհներով, ձեռք էր բերել ինչ-որ մի միֆական նամակի պատճեն և կարդում էր սրան-նրան, այսինքն նրանց, ում վրա ինքը վստահություն ուներ, և դրանք էլ իրենց հերթին տարածում էին, ում վրա որ վստահություն ունեին· վերջ ի վերջո այնպես էր դուրս գալիս, որ ոչ֊ոք չգիտեր, թե ո՞վ է այդ լուրերի իսկական ակը· մեկը լսում էր մյուսից և պատմում էր մյուսին — ահա և ամբողջը։ —Ինձ էլ է կարդացել