Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/223

Այս էջը սրբագրված է

է նապաստակներ հասկանալ, այնինչ իմ կարծիքը բավականի՛ն տարբերվում էր օր. Սաթոյի կարծիքից։ Այո՛, ինչո՞ւ նապաստակներ, և ոչ ուրիշ մի բան… անցնենք նամակին։ Կրկնում ենք՝ մենք բառացի չենք հիշում այդ միֆական նամակի բովանդակությունը, բայց բավականին լրիվ հիշում ենք նամակի ընդհանուր իմաստը, որ դըժբախտաբար պիտի պատմենք մեր տկար լեզվով, տեղ-տեղ միայն բառացի մեջ բերելով նամակի այն ցայտուն տողերը, որ այն ժամանակ մեխվեցին մեր ուղեղում և մնացին այնտեղ—և կարծում ենք, որ այդպես էլ մեխված կմնան այնտեղ—ընդմիշտ ու հավիտյան։

Նամակն, ինչպես ասացինք, սկսվում էր դառնագին հոխորտանքով, բայց գնալով փոխվում էր դառնաթախիծ տրտունջի և նորից ծայր էր առնում հոխորտանքն ու մեղադրանքը և, նորից տրտունջի ու դառնության փոխվելով վերջանում էր հույսով, որ (ամենակարող տերը) կվերականգնի արդարությունն Ահեղ Դատաստանի օրը, որին նա հավատում էր այնպես, ինչպես հավատում է Նորին Կայսերական Մեծության մոտալուտ հաղթանակին։Բայց այս չէ էականը և ամենահետաքրքիրն այդ նամակում, այլ այն, թե ինչ լեզվով էր այդ նամակում խոսվում Համո Համբարձումովիչի և մանավանդ բժշկի—Սերդե Կասպարիչի մասին, այստեղ է ահա նամակի ամենայուղալին ու ամենահյութալին, և նամակի այդ տողերն էին ահա, որ հատուկ բավականություն էին պատճառում օր․ Սաթոյին, վառում նրա հայացքը ու թքակալում նրա, ինչպես ասում էին քաղաքում-շնական