Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/227

Այս էջը սրբագրված է

գետն էր, ջուրը, որ լցրել էր գետափնյա փողոցն ու ծանր շնթռկել՝ լայն ու ահավոր, ինչպես մի առասպելական վիշապ։ Մի ծանր, ճնշող, դեպի իր գիրկը քաշող խոնավություն էր շնչում հորդած գետը, ու ես կպչում էի եղբորս, որ ինձ իր գիրկը քաշի, չխեղդի, կուլ չտա առասպելական այդ վիշապը։ Դեմը, բաց գույնի մազութի խոնավ գրկից ելնելով՝ իր համեմատական մուգությամբ հետզհետե լուծվելով վերի մութ մազութին՝ տեսիլանման երերում էր ահռելի մի սևություն, հսկա մի քարակույտ. Վարդանի կամուրջն էր այդ, որ սևին էր տալիս մազութանման մշուշում։ Մեր մոտ կանգնած մարդիկ վիճում էին, թե կդիմանա՞ արդյոք Վարդանի կամուրջը հեղեղած ջրի ահռելի հոսանքին, թե ոչ. կային, որ կարծում էին կդիմանա, ու կային, որ կարծում էին, թե ոչ։ Այդ միջոցին էր ահա, որ գետի վերի կողմից, ծանր ողողած հեղեղատի միջից, լսվեց զարհուրելի, սիրտ կեղեքող, անպատմելի մի ճիչ, ու ճիշտ նույն վայրկյանին սրընթաց հեղեղատի վրա երևաց փոքրի՜կ–փոքրի՜կ վախկոտի պուշ աչքի նման ահաբեկված թարթող, սրընթաց մի կրակ։ Ես ավելի պինդ սեղմվեցի եղբորս, գրկեցի նրա ոտքը. շուրջս հավաքված մարդիկ բարձրացրին մի ահախառն աղմուկ, շարժվեցին տեղերում ու, չգիտեմ ինչու, հայհոյեցին իրար. այդ ժամանակ մի վերջին անգամ ևս խոնավ հեղեղատի ծանրանիստ մազութի միջից լսվեց զարհուրելի սրտակեղեք ճիչը. վախկոտի աչքի պես ահաբեկված թարթող պուշ կրակը սրընթաց սուրաց դեպի Վարդանի կամուրջի սևասև ուրվականը — և ամեն ինչ կորավ, լռեց, սուզվեց մազութանման հեղեղատում։ Պարզվեց, որ