Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/230

Այս էջը սրբագրված է

ժամանակվա նման ես տեսա, որ համարյա թե իր սովորական ափերն է մտել նայիրյան այդ քաղաքի առօրյա կյանքի այն ժամանակ այնպես մթափրփուր հորդած, հեղեղած գետը — և նույն ակնածանքով ու ահավոր հիացմունքով ես տեսա մեր ամենահարգելի Մազութի Համոյին, որ, ինչպես գետի հորդելուց հետո Վարդանի կամուրջը, արքայակերպ կեցել էր կյանքի արդեն բավականին հանդարտած, համարյա իր ափերը մտած հոսանքի մեջտեղը և այլևս իզուր էին նրա, այսինքն Մազութի Համոյի, հասարակական դիրքի քարակերտ պատերին դիպչել փորձում արդեն իջած գետի մի քանի մանրիկ, մթափրփուր ալիքները... Բարեբախտաբար այլևս երեխա չէի ես այդ ժամանակ, որպեսզի այդ լղրճուկ (ընկ․ Վառոդյան ի խոսքով ասած) ալիքների փրփուրում փնտրեի ինչ-որ նավաբեկման հետքեր։ Օր․ Սաթոն էր միայն, որ դեռ շարունակում էր տարածել քաղաքում իր անսպառ ստերն ու պրովոկացիաները, բայց էլ ո՞վ էր օր. Սաթոյին, այդ «ծամը կտրած լըրբին», կարևորություն տվողը։ Մազութի Համոն կար ու կանգնած էր էլի, ինչպես Վարդանի կամուրջը, անսաստ ու քարակերտ։ Կանգնած էր նայիրյան այդ քաղաքի ու իսկական, այո , համարյա թե մարմնացած նայիրիի, այսպես կոչված, «գրավված վայրերի» կենտրոնում, որպես «Ընկերության» լիազոր ներկայացուցիչ, Տեղական Կոմիտեի և Քաղաքային Խորհրդի նախագահ, Զինվորական Գերագույն Ատյանի անդամ—և այլն, և այլն, և այլն, —և նրա, Մազութի Համոյի ուղեղում էլի նայիրյանն էր ու հավի-