Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/233

Այս էջը սրբագրված է

մարդիկ, երբ դեռ չէր գետնահարված ոսոխը. ավելին՝ երբ իր վերջին հորդաները հավաքած՝ թափթփուկ բանակներով պատրաստվում էր «գրավված վայրերը» խուժել, վերստին հրի ու սրի մատնել այնքան դժվարություններով վերջապես ազատագրված երկիրը Նայիրի... Հասկանո՞ւմ եք՝ ղուշը, ինչպես ասում էր Հաջի Օնիկ էֆենդին, երկնային թռչունը եկել, իր ոտքով մեր ձեռն էր ընկել, իսկ այդ ստոր պարոնները պահանջում էին, որ մենք մեր ձեռքով վերցնենք ու բաց թողնենք այդ ղուշը՝ — հանուն ինչի՞, կամ, ինչպես նույն Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆն էր ասում — անունն ի՞նչ դնենք... Օ, ոչ մի անուն չէր կարելի դնել այդ նայիրուրաց տխմարությանը, քան այն անունը, որ դրել էր Տեղական Կոմիտեն, ո՛չ «Ընկերությունն» ինքը. և այդ անունն էր, ինչպես քանիցս կրկնել ենք արդեն ի միջի այլոց — «Ազգային դավաճանություն»: Եվ ո՞վքեր էին դրանք, և ո՞վ էր դրանց ղեկավարը. —մի քանի լղրճուկ սինլըքորներ, ինչպես ասում էր Համո Համբարձումովիչը, կամ հայվարա սանքյուլոտներ, ինչպես կարծում էր անգլիախոս Հաջի Օնիկ էֆենդին և չհասկացողին, թարգմանում ու հասկացնում, որ սանքյուլոտներ նշանակում է — անվարտիք շներ, կարծես թե վարտիքավոր շներ էլ են լինում... Եվ ո՞վ էր, ո՞վ էր, ինչպես ասացինք, դրանց ղեկավարը, կամ, ինչպես էլի նույն Հաջին էր ասում — «վերի գլուխը».— արյունարբու մի սկյութ, ռուացած մի մոնղոլ, մի գերմանական լրտես, որ պլոմբած վագոնով հայրենիք վերադարձած՝ չին զորքերու և անվարտիք ավարաներու օգնությամբ ներսերուն խլել էր արդեն իշխանությունն ու հանձնել այն