Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/236

Այս էջը սրբագրված է

նայիրցի մի ոազմիկի քացին անգամ բավական էր,— ինչպես ասում էր Մազութի Համոն,— որպեսզի նա հավիտենապես փչեր իր շունչը, և իհարկե, կփչեր իր շունչը, եթե չլինեին այդ նայիրուրաց, ստոր, նայիրադավաճան մարդիկ...— Ո՛ւշ, շատ ուշ գլխի ընկան (և դեռ հարց է՝ գլխի կընկնեի՞ն արդյոք մյուսները, եթե չլիներ էլի նույն Մազութի Համոն) և ուշ, շա՜տ ուշ հարկ եղած խստագույն միջոցներին դիմեցին հիշյալ լրբերի վերաբերմամբ նայիրյան իշխանավորները,— բայց թե ի՞նչ կարող էին անել այլևս նրանք, երբ արդեն մեր նկարագրած քաղաքի համարյա պարիսպների տակ էր ոսոխը, երբ, երկու օր անց, ինչպես հետագայում մանրամասն կիմանանք, դեպքերի թավալգլոր արագությամբ ընկավ նայիրյան այդ քաղաքը, և Հավիտենական ոսոխը ոտք դրեց վառվող քաղաքի մոխիրների վրա...

Մենք արդեն անցնում ենք նայիրյան այդ քաղաքի և սույն այս պոեմանման վեպի վերջին դեպքերի նկարագրությանը,— և մի սուր, անողոք, դառնաթախիծ կսկիծ սկսում է ուտել մեր սիրտը. ձեռքս կրկին սկսում է դողալ, և գրությանս տառերը դրվում են ծուռ ու դողդոջ, կարծես օրորում է տողերս աներևույթ մի հողմ... Սև, մրուրոտ, արյունալի են այդ դեպքերը, որոնց նկարագրությանն անցնելու ենք հիմա, ընթերցո՛ղ, և չգիտենք՝ կարողանալո՞ւ է արդյոք մեր տկար գրիչը պատկերել այդ դեպքերն այնքան սրտակեղեք ու ահավոր, որքան սրտակեղեք ու ահավոր էին նրանք իրականում։ Մենք ավելի քան կասկածում ենք դրան, ընթերցո՛ղ, որովհետև դժվար թե մեր հնամյա արևի ներքո գտնվի մի գրիչ, որ պատկերել