Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/24

Այս էջը հաստատված է

Ճիշտ այնպես, ինչպես պատմել են ինձ, պատմեմ ես էլ քեզ, ընթերցո՛ղ, Առաքելոց եկեղեցու մասին. ուզում ես հավատա, ուզում ես ծիծաղիր: Բայց ես մոռացա ասել, թե ինչու է այդ եկեղեցին կոչվում — Առաքելոց եկեղեցի։ — Եվ հենց այստեղից է ահա, որ սկսվում է այդ եկեղեցու զարմանալին ու հրաշալին։

Քարե այդ եկեղեցու քարաշեն գմբեթի պատերի վրա դրսից քանդակել է նայիրցի վարպետը տասներկու առաքյալների դեմքերը՝ մեկ-մեկ, կողք֊կողքի — տասներկու առաքյալ: Հասկանո՞ւմ եք՝ քարի մեջ փորել է հրաշալի դեմքեր։ Նրանք հիմա էլ պարզ նայում են դիտողին գմբեթի հնաբույր, մամռոտ պատերից՝ կարծր, չոր, նայիրյան լեռնաքարի մեջ փորած հրաշալի դեմքեր։ Եվ այն էլ կնկատի ուշադիր դիտողը, որ առաքյալներից մեկի բոլոր դիմագծերը փորփրած են անխնամ, քիթը չկա, իսկ աչքերի փոխարեն նայում են վերևից երկու սև ու այլանդակ խոռոչներ: — Հուդայի դեմքն է դա, կասի ձեզ իմացողը, — որին նայիրցի քրիստոնյա վարպետը տվել է հրեշի կերպարանք: Բայց Հուդայի այդ դեմքը իսկի Էլ կարծես քանդակված չլինի եկեղեցու վրա, որովհետև եկեղեցին թեկուզ և պաշտոնապես կոչվում է Տասներկու Առաքելոց, բայց ժողովուրդը համառորեն ասում է՝ Տասնմեկ Առաքելոց — և նա իրավունք ունի. նա չի հաշվում Հուդային, չի՛ ուզում հաշվել։ Սակայն եթե ժողովուրդը տասներկու առաքյալներին էլ չհաշվեր — էլի Առաքելոց եկեղեցին ոչինչ չէր կորցնի իր դարավոր հմայքից: Որովհետև այլ է նրա կոչումը, և հմայքը- այլ։ Եվ այն, ինչ որ ես հիմա պիտի քեզ պատմեմ, սիրելի ընթերցող, թող քեզ դատարկ