Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/241

Այս էջը սրբագրված է

փրկելու համար ռազմաճակատ չգնալ, կամ փախչել ռազմաճակատից: Այդ է պահանջում մեզնից այսօր հայրենիքը, այդ է պահանջում այսօր մեր նվիրական Նայիրին: Օն, ուրեմն՝ ի զե՜ն, նայիրցինե՜ր — դեպի ռազմաճակատ...»; Այսպես էր վերջանում հրամանը, և ապա գալիս էին վերոհիշյալ երեք տառերը — Հ. Հ. Դ.։— էլ կարո՞ղ է արդյոք զարմանալի թվալ, որ այդ հայտարարությունը, ներողություն, հրամանը բոլոր քաղաքացիների վրա թողեց մի անասելի, շշմեցնող, զարհուրելի տպավորություն։ Այնպիսի մի անասելի իրարանցում ընկավ քաղաքում, որ, ինչպես կասեր Մեռելի Ենոքը՝ «մերը մանուկը մոռացավ». ժաժք եղավ կարծես, կարծես եկավ ահեղ դատաստանի օրը:Եվ, եթե ճիշտր կուզեք, հենց այդ օրվանից էլ պետք է հաշվել Երկրի Նայիրի և այդ քաղաքի վախճանի սկիզբը. և դա ոչ թե վերոհիշյալ հրամանի պատճառով, այլ այն, մեզ համար միանգամայն հասկանալի, իսկ այլ քաղաքացիների համար այնպես էլ անհասկանալի մնացած պատճառով, որ Մազութի Համոն, թեկուզ և ժամանակավորապես, թողեց իր հայրենի քաղաքը, իսկ ի՞նչ կարող էր անել այդ քաղաքն առանց Մազութի Համոյի, այսինքն՝ առանց այն առանցքի, որի շուրջը դառնում էր քաղաքը։ Պարզաբանենք մեր միտքն օրինակով։ Օրինակ՝ «Ո՞րն է ֆայտոնի նպատակը»— հարցնում է մի անգամ Քոռ Արութին Մեռելի Ենոքը. բայց Քոռ Արութը չի իմանում, և քանի որ Քոռ Արութը չի իմանում՝ իր տված հարցին պատասխանում է ինքը, Մեռելի Ենոքը. «—Ֆայտոնի նպատակը օսն է»:— Այսպես է պատասխանում իր դրած հարցին Մեռելի Ենոքը ու