Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/242

Այս էջը սրբագրված է

պարազաբանում հետո. «էնիկ որ չեղնի-ֆայտոնը չի էրթա»: — Եվ մենք միանգամայն համամիտ ենք Մեռելի Ենոքին։— Այդպես էլ տվյար դեպքում։ Երևակայեցե՛ք, ընթերցո՛ղ, որ, ինչպես նայիրյան այդ քաղաքը, այնպես էլ ամբողջ Նայիրին, Մեռելի Ենոքի տերմինով ասած՝ մի հսկա «ֆայտոն» է, իսկ Համո Համբարձումովիչը — Մազութի Համոն՝ նրա «օսը». է, ի՞նչ կարող է անել «ֆայտոնը», այսինքն նայիրյան այդ քաղաքը, կամ ամբողջ Նայիրին, առանց «օսի» — այսինքն Համո Համբարձումովիչի — Մազութի Համոյի։ Հարցնում ենք՝ ի՞նչ կարող է անել։ Պատասխանը մեկն է. — ոչինչ ու ոչինչ։— Կքանդվի, տեղում կմնա՝ կփտի ու կթափվեն մասերը, ինչպես քայքայվող դիակի մասեր։ Եվ այս հանգամանքն ավելի պարզ ու հասկանալի կլինի, եթե հիշենք, որ Մազութի Համոն ոչ միայն «օսն» էր նայիրյան այդ քաղաքի, այլև հոգին: Դե երևակայեցեք հիմա մարմնի դրությունը՝ առանց հոգու. ի՞նչ կլինի մարմինը, եթե հեռանա հոգին։— Սրա էլ պատասխանը մեկն է. — կքայքայվի, կտարալուծվի, մարմին կազմող քիմիական տարրերն ամենքը մի կողմ կփախչեն ու կմնա ի՞նչ, ոչինչ. կմնա—մահ,մոռացության մշուշ — բաց տարածություն: Եվ նույնը, ճիշտ նույնը կատարվեց նայիրյան այդ քաղաքի։ ապա և ամբողջ Նայիրիի հետ, հենց որ Մազութի Համոն թողեց այդ քաղաքը և գրավված վայրերը գնաց՝ տեղում դիմադրություն կազմակերպելու…

Մե՜ծ, մե՜ծ, անասելի սխալ էր Մազութի Համոյի բացակայելը քաղաքից. հետո, երբ նա վերադարձավ գրավված վայրերից — արդեն ուշ էր,