Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/243

Այս էջը սրբագրված է

քայքայվել էր արդեն քաղաքի մարմինը և ոչ մի հոգի չէր կարող այլևս կենարար շունչ փչել վերստին գոյություն պարգևել այդ քայքայված մարմնին: Ավելին՝ հետո, երբ Մազութի Համոն վերադարձավ արդեն գրավված վայրերից ոչ միայն ի վիճակի չեղավ կենարար շունչը փչել քայքայվող քաղաքի սառած երակների, այլև շուտով ստիպված եղավ փչել իր սեփական շունչը, փչել հավիտյան ու անդարձ, փչել —ընդմիշտ… Եվ նրա հետ միասին իրա շունչը փչեց երազյալն ու հավիտենականը՝ երազյալ ու հավիտենական, իրա, Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղից դեպի երկրայինն ու գոյացյալը ձգտող, համարյա գոյացած Նայիրին… Համոզված, այո՝ խորին համոզմունքով մենք կարող ենք ասել, որ գուցե իսկի էլ տեղի չունենային թավալգլոր արագությամբ Մազութի Համոյի գնալուց հետո նայիրյան այդ քաղաքում կատարված դեպքերն ու իրողությունները, եթե Մազութի Համոն չհեռանար քաղաքից.— երկրորդ, բայց առաջինից ավելի կարևորագույն սխալն էր այս, որ Մազութի Համոն ինքը, մասամբ և ամբողջ «Ընկերությունը» կատարեցին այդ ժամանակ. — առաջին սխալը, ինչպես մասամբ արդեն գիտենք, այն ստոր, նայիրուրաց, նայիրադավաճան մարդկանց հանդեպ խստագույն միջոցների չդիմելն էր Ժամանակին, իսկ երկրորդ, և, ինչպես ասեցինք, ամենակարևորագույն սխալը — Մազութի Համոյի քաղաքից հեռանալը։ Այո՛, Մազութի Համոն չպետք է հեռանար քաղաքից, բայց նա, ինչպես տեսնում եք, հեռացավ, և անսպասելի, եղերական, ահասարսուռ դեպքերն ու իրողությունները, նայիրյան այդ քաղաքի