Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/247

Այս էջը սրբագրված է

այդ վերի թաղերի բնակիչներից, այդ «բռի անասուններից», ինչպես անվանում էր նրանց վարսավիր Վասիլը, որը, ի դեպս, վաղուց արդեն փակել էր իր հռչակավոր վարսավիրանոցը և ռազմաճակատ էր գնացել, ուր, ընկ․ Վառոդյանի կողմից նշանակված լինելով՝ մթերքներ էր հայթայթում նայիրյան բանակին։ Թե ինչո՞վ բացատրրել վարսավիր Վասիլի այս տարօրինակ քայլը— չգիտենք, սակայն այդ բանն ավելի քան լավ գիտեր Հաջի Մանուկոֆ էֆենդին, որ նույնպես «հայթայթող» էր, բայց ոչ թե «փինթի», ինչպես վարսավիր Վասիլը, այլ— խոշոր, անգամ ամենախոշոր, խոջորագույն «հայթայթող»: Այո′, նոսրացել էր քաղաքի բնակչությունը, սակայն այս նոսրացումն հարկավոր է հասկանալ ոչ թե քանակի, այլ որակի իմաստով. քաղաքից հեռացել էին արդեն ամենապատկառելի քաղաքացիների ընտանիքները, բայց դրանց տեղը շրջանի գյուղերից քաղաք էին թափվել հազարավոր նոր ընտանիքներ, որոնք լցրել էին փողոցները սայլերով, եզներով, կովերով, երեխաներով և տնային այլ անասուններով, բացի տղամարդկանցից, որոնց վաղուց արդեն ռազմաճակատ էին ուղարկել ընկ․ Վառոդյանի արտակարգ փափախավորները։ Քաղաքի որակն էր փոխվել ամբողջովին— ահա′ թե ինչ․ ու փոխվել էր քաղաքի տեսքը։ Եվ այս հանգամանքը մեծ մտահոգություն էր պատճառում ընկ. Վառոդյանին, բայց, չնայած նրա միշարք ավելի քան խստագույն հրամաններին— այնպես էլ չհաջողվեց շրջանից փախած այդ «վախկոտ ոչխարներին» իրենց տեղերն ուղարկել. նրանք չգնացին, չնայած անգամ նրան, որ ընկ․