Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/251

Այս էջը սրբագրված է

դժվար բան չէր այդ արմատի գտնելը, որովհետև նա, այդ արմատը, ոչ թե թաղված էր գետնում, ինչպես ամեն մի արմատ, այլ ցցված էր դուրս, ինչպես նայիրյան մի քիթ, և վաղուց արդեն բոլորն էլ տեսնում էին այդ չարաբաստիկ քիթը, այսինքն արմատը: Բայց — մի բան տեսնելը, տարբեր բան՝ տեսածի վրա վճռական կերպով մատ դնելը: Տեսնում էին, այդ չարաբաստիկ արմատը բոլորն էին տեսնում, բայց, կրկնում ենք, Մազութի Համոն էր միայն, որ ժամանակին մատնանիշ արավ այդ արմատը և առաջարկեց այն հիմքից պոկել և դեն շպրտել, ինչպես վարակող մի սպի։ « — Դեզերտիրության արմատը հարկավոր է տեսնել այն նայիրադավաճան սրիկաների մեջ, որոնց առաջնորդն էր մեր քաղաքում անհայտ չարագործների (հարկավոր է ասել բարեգործների, փակագծում ավելացրել էր Մազութի Համոն) ձեռավ շանսատակ եղած Կարո Դարայանը»— այսպես էր գրել ռազմաճակատից ուղարկած իր նամակ–հրահանգում Մազութի Համոն. — «— Դրանք լցվել են հիմա ռազմաճակատը և դեզերտիրություն են քարոզում մեր արի զինվորներին, դրանք խոստանում են զինվորներին հող, խաղաղություն ու հանգստություն և նման լկտի միջոցներով քայքայում են մեր բանակը» — գրել էր Մազութի Համոն իր այդ հրահանգ–նամակում։ — «Դրանց վերաբերմամբ հարկավոր է ամենախիստ միջոցների դիմել, չքաշվել անգամ գնդակահարությունից» — հրահանգել էր վերջում Մազութի Համոն և հրահանգի վերջին տողերը երեք անգամ ընդգծել. Մազութի Համոյի այդ ընդգծումներն են ահա, որ մենք