Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/253

Այս էջը սրբագրված է

արագությամբ, նայիրյան այդ քաղաքն ընկավ, և արտակարգ փափախավորների շինած այդ «Քյանդրբազի չվանի» վրա — օ, ճակատագրի եղերական հեգնանք,— հարկադրված եղան քյանդրբազություն անել — երևակայո՞ւմ եք — ինքն ընկ. Վառոդյանը, Սերգե Կասպարիչը — բժիշկը, և Համո Համըարձումովիչ Ասատուրովը — Մազութի Համոն... ճակատագրի տարօրինակ մի խաղ, բախտի եղերական մի հեգնանք էր դա, ընթերցո՛ղ, որ դեպքերի այնքան ողբերգական ու սխրալի բերումով եզրափակելու եկավ նայիրյան այդ քաղաքի աղետալի պատմությունը...

«Հեռագրասյունները» կանգնեցնելու օրն էր հենց, որ Մազութի Համոն անսպասելի կերպով վերադարձավ քաղաք։ Բանն այն է, որ արդեն գրավված էին գրավված վայրերը. ավելին՝ ոսոխը, Հավիտենական Հիվանդը, անսպասելի մի հրաշքով արդեն անցել էր սահմանի այս կողմը և եկել, իր թափթփուկ բանակներն էր դրել քաղաքից վերստ հեռավորության վրա։ Սարսափ առած նախիրների նման՝ նայիրցի ռազմիկները փախել էին ոսոխիդ ու լցրել քաղաքը. էլ ոչ «դեզերտիր» էր մնացել, որ քյանդրբազ խաղացնեին, ոչ բան. հո չէ՞ր կարելի մի ամբողջ բանակ երեք հեռագրասյան վրա քյանդրբազ խաղացնել։ Թե ի՛նչ էր ներկայացնում քաղաքն արդեն — դժվար է նկարագրել: Երևակայեցեք, ընթերցո՛ղ, որ մի առավոտ վեր եք կենում ձեր տեղից և ուզում եք շորներդ հագնել, բայց տեսնում եք, որ անհասկանալի մի հրաշքով քանդվել են ձեր շորերի բոլոր կարերը. վերցնում եք ձեր շապիկը — թափվում են