Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/254

Այս էջը սրբագրված է

շապկի մասերն առանձին–առանձին՝ թևը մի կողմ է գնում, օձիքը մի կողմ, մնացածը — ուրիշ մի կողմ. վերցնում եք ձեր վարտիքը նույնը. դե հիմա սրան ավելացրեք և այն, որ հանկարծ հրդեհ է ընկնում ձեր բնակարանը.— Ի՞նչ պիտի անեք. դո՞ւրս վազեք. բայց դուրսը կանգնած են կանայք և երեխաներ. տկլոր հո չե՞ք երևա կանանց և երեխաների աչքին.— նե՞րսը մնաք.— բայց ներսում էլ ձեզ խեղդում է ծուխը, և մի վայրկյան չանցած՝ հրդեհի ալ–կարմիր բոցերն արդեն լիզել կսկսեն ձեր մարմինը... Այսպիսի ահա անելանելի մի դրության մեջ ընկավ Մազութի Համոն գրավված վայրերից վերադառնալիս. քաղաքի, պատկերավոր ասած՝ բոլոր կարերն արդեն քանդվել էին, մասերից ամեն մեկը մի կողմ էր փախել, իսկ քաղաքի շուրջը — հրդեհ էր. ծուխը լցվել էր արդեն քաղաքը և մոտենում էին արդեն քաղաքի ծխախեղդ մարմնին ահավոր հրդեհի ալ–կարմիր բոցերը։ Ի՞նչ էր մնում անելու Մազութի Համոյին. փախչե՞լ. մնա՞լ.— բայց ինչպե՞ս կարող էր, ասացեք խնդրեմ, փախչել Մազութի Համոն. կարո՞ղ էր արդյոք փախչել մարդու հոգին և իր սեփական, հարազատ մարմինը թողնել հրի բերան... Եվ Մազութի Համոն մնաց, ոչ միայն մնաց, այլև իր վրա վերցրեց բովանդակ իշխանությունը. մի վերջին ճիգ ևս, գերմարդկային մի ճիգ գործադրել կամեցավ Մազութի Համոն, որ փրկի դրությունը. բայց դրությունը չփրկվեց.— ուշ էր, բավականին ուշ էր արդեն, և դրությունը չէր կարող փրկել այլևս ոչ մի, թեկուզև գերմարդկային, ճիգ...