Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/256

Այս էջը սրբագրված է

նստած այս օրերն էր երազում ինքը, այն ժամանակ դեռ միմիայն «Լույսի» կառավարիչ Մազութի Համոն... Այստեղից, այո՛, բերդի այս ժայռակերտ պատնեշների վրայից պիտի ռումբեր տեղային մի օր, եթե այդ օրը գար... Այստեղից, այո՛, բերդի այս ժայռակերտ պարիսպների վրայից իջներ պիտի մի օր — պիրկ, անպարտ կորովը նայիրյան ցեղի... Որպես երկաթե մի բռունցք՝ իջներ պիտի մի օր թշնամու գլխին։— Այստեղից, բերդի այս անառիկ բարձրություններից հառնելով՝ պիտի ելներ ահասաստ, պիտի հառներ հաստատ նայիրյան ոգին. կորովը, ուժը հազարամյա — նայիրյան աշխարհի... Ու պիտի վառվեր նորից, պիտի ժպտար խնդագին երկիրը հազարամյա — հնամյա Նայիրին... Ահա՛ թե ի՛նչ էր երազել Մազութի Համոն «Լույսի» գրասենյակում անցկացրած իր անքուն գիշերներին՝ լույս օրվան սպասելիս... Օրը եկավ։ Դեպքերի անսպասելի, հեքիաթային բերումով՝ քաշվեցին բանակները նայիրյան աշխարհից. դեպքերի անսպասելի, հեքիաթային բերումով՝ հանկարծ մարմնավորվեց, իրողություն դարձավ երկիրը Նայիրի... Եվ ի՞նչ: հավիտենական Հիվանդի հորդաներից սարսած, Մահամերձի թափթփուկ բանակներից սարսափահար՝ նախիրների նման պուկ տվին նայիրան բանակները, մնացել է Բերդը միայն, նայիրյան այս բերդը, որ վաղը ոտնակոխ պիտի արվի Հավիտենական Հիվանդի հորդաների կողմից, պիտի լիզե նորից Հավիտենական Հիվանդի հորդաների ոտները, Հավիտենական Հիվանդի թափթփուկ բանակների չաքմաների փոշին... Ո՞ւր է,ո՞ւր է ուժը, ո՞ւր է կորովն հնամյա նայիրյան