Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/257

Այս էջը սրբագրված է

ցեղի. ո՞ւր է երկաթե բռունցքը... Ո՞ւր է,- հարցնում էր դառնացած Եհովայի նման մազերը պոկելով, Մազութի Համոն.— «Ո՞ւր է»: Դառնացած Եհովայի նման պոկոտում էր մազերը ու նայիրյան արքաների կորովն էր ոգեկոչում բերդի ամենաբարձր աշտարակի վրա կանգնած, նայիրյան եռագույնի դողդոջ փայտին կռթնած, Մազութի Համոն.— «Ո՞ւր է»— հարցնում էր Մազութի Համոն, բայց պատասխան չկար. բերդի հազարամյա, մռայլ պարիսպներն էին միայն լուռ նայում Մազութի Համոյին, վերջին այդ արքայակերպ նայիրցուն, որ պոկոտում էր մազերը և նայիրյան կորովը ոգեկոչում։ Ու չկար կորովը. ու լուռ էր բերդը։ Ու Բերդի ամենաբարձր աշտարակի վրա կանգնած, նայիրյան եռագույնի դողդոջ փայտին կռթնած՝ դառնաթախիծ թախծեց, լաց եղավ, ինչպես այն ժողովում, Մազութի Համոն, և Մազութի Համոյի, վերջին այդ արքայակերպ նայիրցու բոցե արցունքներն այրեցին նայիրյան հնամյա այդ բերդի հազարամյա պատերը... «Ո՛չ» — ձեռքը նայիրյան եռագույնի դողդոջ փայտին խփելով, դառնաթախիծ լացի, հրե արցունքների միջից բացականչեց հանկարծ Մազութի Համոն. «Չի՛ լինի»:— Ցնցվեց. վայրկենական քնից, կամ կաթվածից արթնացածի նման՝ ցնցեց իր գլուխը Մազութի Համոն. Հանեց թաշկինակը և սրբեց աչքերը։ Եվ նոր կարծես տեսավ, որ կանգնած են շուրջն ընկ. Վառոդյանը, բժիշկը, մի երկու նայիրյան գեներալ և մի քանի նայիրցի սպաներ. անհուն պատկառանքով նայում էին նրանք Մազութի Համոյին ու լուռ, լուռ, լուռ ու տխուր էին, ինչպես բերդի պատերը։ «Ո՞ւր են» ցասման շանթեր տեղալով աչքերից՝