Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/260

Այս էջը սրբագրված է

գլուխների վրայով առաջ էին նետում իրենց երեխաներին, որպեսզի իրենք ևս առաջ սողան, բայց երեխաները խեղդվում էին ընդհանուր հրհրոցում, իսկ մայրերը, առանց երեխաներին հասնելու, փչում էին իրենց շունչը՝ չորս կողմից սեղմված: Տղոցկան կանայք ծնում էին կանգնած տեղերում, և նրանց ճիչը լսելի էր լինում անգամ այն ահռելի աղմուկում, որ բարձրացնում էր բազմահազար սարսափից խելագարված, ամբոխը։ Տղամարդիկ ծեծում էին իրար. կանայք ճանգռտում էին տղամարդկանց դեմքերը, և այս ամենի վրա շաչում էր արտակարգ փափախավորների մտրակը: Մտրակով ճանապարհ էին բաց անում նրանք և առաջ անցնում, հետներն առաջ տանելով զանազան պատկառելի նայիրցիների ընտանիքներին, որոնք ընկեր Վառոդյանից կամ Մազութի Համոյից ունեին պատկառելի թղթեր: Բայց, չնայած արտակարգ փափախավորներին, չնայած անգամ «պատկառելի թղթերին», հաճախ չէր հաջողվում նրանց իրենց նպատակին հասնել, ամբոխը, կատաղած թշնամու նման, գրոհի էր դիմում ու ընդհանուր հորձանքում խեղդում թե՛ արտակարգ փափախավորներին և թե՛ նրանց հովանավորած պատկառելիներին: Անասելի, այո՛, աներևակայելի բաներ էին կատարվում այդ ժամանակ կայարանում, բայց ավելի անասելին ու աներևակայելին այն էր, ինչ որ տեղի էր ունենում քաղաքում։ Քաղաքում ծայր էին առել հրդեհները: Բազարից հեռացող նայիրցիները, նայիրասիրական անասելի, չտեսնված մի եռանդով, այրում էին իրենց տներն ու խանութները, որ ոսոխին չմնան։ Տեղական իշխանությունը գուցե և դեմ լիներ նայիրասիրության