Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/262

Այս էջը սրբագրված է

արտահայտությամբ, այսինքն հրով ու ծխով։ Այսպիսի ահա դրության մեջ էր քաղաքը, երբ Մազութի Համոն ստացավ ռազմաճակատից վերոհիշյալ ուրախալի հաղորդագրությունը: Ռազմական արտակարգ նիստ գումարեց իսկույն Մազութի Համոն, որը որոշում կայացրեց` 1) Գերագույն միջոցներ ձեռք առնել խուճապը կանգնեցնելու ճամար, 2) վերջ տալ հրդեհներին, 3) հրամայել ժողովրդին հանգիստ իր տեղը մնալ, որի համար արտակարգ միջոցներով արգելել քաղաքից հեռանալը, 4) արգելել գնացքների երթևեկությունը: Որոշումը հանելով՝ Մազութի Համոն անձամբ հրամայեց կայարանին գնացքներ բաց չթողնել և ընկ. Վառոդյանի միջոցով արտակարգ փափախավորներ ուղարկեց՝ խճուղիով փախչող ժողովրդին վերադարձնելու, կամ, ծայրահեղ դեպքում, մնացածների առաջն առնելու։ Այդ կարգադրություններին զուգընթաց՝ Քաղաքային Խորհուրդը վազեց Մազութի Համոն, որ նրա միջոցով ևս ազդի ժողովրրդի տրամադրության վրա. արտակարգ նիստ նշանակեց, բայց, ցավոք սրտի, դուրս եկավ, որ քաղաքից բացակայում էին Քաղաքային Խորհրդի համարյա բոլոր անդամները. ոչ Գեներալ Ալոջը կար, ոչ մանրավաճառ Կոլոպոտյանը, ոչ Հաջի Օնիկ էֆենդին և ոչ էլ մյուսները. վերի թաղեցի անդամն էր միայն, որը մի անգամ արդեն ցույց էր տվել իր ամբողջ քաղաքական հմտությունը՝ փակ խանութները ջարդելու իր այն հիշատակելի առաջարկը մտցնելով, մի առաջարկ, որից, հիշում եք, թե ի՞նչ դուրս եկավ,— այսինքն ոչինչ էլ դուրս չեկավ: Ի՞նչ պիտի աներ Քաղաքային Խորհրդի այդ մի հատիկ անդամի հետ Մազութի