Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/265

Այս էջը սրբագրված է

ևս, որ մինչ այդ մի զարմանալի անփութությամբ քաղաքում էր մնացել, իր եղբոր՝ Քոռ Արութի և նրա հավիտենական ընկեր Մեռելի Ենոքի օգնությամբ այրեց իր հռչակավոր սրճարան-ճաշարանը և իր «չոլուխ-չոճոխը» հավաքած՝ բռնեց կայարանի ճամփան։ Հարկավոր է ասել, որ մինչև սրճարանն այրելը, մինչև վերի թաղը վազելը և «չոլուխ-չոճոխը» հավաքելը բավականին ժամանակ անցել էր արդեն. թաղեցիք համարյա բոլորն էլ արդեն հեռացել էին, այնպես որ, եթե չհաշվենք ուրիշ մի քանիսին, որ այնպես էլ վերի թաղում մնացինք Տելեֆոն Սեթոյի թափորը վերջինն էր, որ հեռանում էր այդ թաղից։ Վերի թաղեցիք փախել էին քաղաքից խճուղու ճանապարհով, այնինչ Տելեֆոն Սեթոն որոշեց կայարանով գնալ, հույս ունենալով, որ «վերինի օգնությամբ» իրենց կհաջողվի գնացք նստել։ Եվ նրան, Տելեֆոն Սեթnյին, ինչպես և «չոլուխ-չոճոխը», Քոռ Արութին ու Մեռելի Ենոքին, հաջողվեց գնացք նստել, և այդ աներևակայելի հանգամանքը տեղի ունեցավ ոչ թե վերինի օգնությամբ, այլ իրա, Տելեֆոն Սեթոյի, ռազմագիտական քանքարի շնորհիվ։ Բանն այն է, որ Տելեֆոն Սեթոն որոշեց կայարան գնալ ոչ թե քաղաքի միջով, որ միանգամայն անհնարին էր, այլ սարի վրայով, թեպետ սարի վրայով տանող ճանապարհն իջնում էր դեպի երկաթուղին կայարանից բավականին հեռու՝ կայարանին հակառակ ուղղությամբ։ Եվ հենց այս էր պատճառը, որ նրանց հաջողվեց գնացք նստել։ Արդեն կեսօր էր, հրացանների տրաքտրաքոցը և թնդանոթների թնդյունն արդեն լսելի էր բերդից համարյա թե մի երկու վերստ հեռավորության վրա, երբ Տելեֆոն