Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/267

Այս էջը սրբագրված է

տվեց Հաջին, որովհետև իրենց մոտ ոչ միայն դրանց, այլև ասեղի տեղ չկար։ Գնացին. երկար հայհոյելուց, խնդրելուց ու աղաչելուց հետո, վերջապես հաջողվեց բարձրանալ զնճիլներու, այսինքն բուֆերների վրա. կանգնեցին կողքեկողքի՝ մի-մի ձեռով իրարու բռնած, մյուս ձեռներով՝ իրենց ապրանքը: Հենց այդ ժամանակ գնացքը շարժվեց։ Վերջին գնացքն էր դա, որ դուրս եկավ նայիրյան այդ քաղաքից, երբ շարժվեց գնացքը— տրաքտրաքոցներն արդեն լսվում էին բերդի տակից։ Թշնամին, ինչպես երևում էր, արդեն նոտեցել էր բերդին։ Զնճիլներու վրա կանգնած Տելեֆոն Սեթոն, Քոռ Արութը և Մեռելի Ենոքը, ինչպես և այդ վերջին գնացքում գտնվող բոլոր նայիրցիները, սարսափահար հայացքները հառած՝ նայում էին բերդին։ Եվ այն միտքը, որ արտահայտեց, բերդին նայելով, Քոռ Արութը՝ գնացքում գտնվող բոլոր նայիրցիների միտքն էր. «Յա՜, մերո՞նք ընչի չեն կրակե...» — ասաց Քոռ Արութը, զայրացած ու զարմացած։— Բայց նրան, ավա՜ղ, չվիճակվեց լսել իր այդ օրինավոր հարցի պատասխանը, չվիճակվեց ոչ թե այն պատճառով, որ այդ հարցի պատասխանը չկար, այլ այն հասարակ պատճառով, որ, երկու վայրկյան չանցած, ինքը, Քոռ Արութը չկար: Եվ ոչ միայն ինքը, այլև իր հավիտենական ընկեր Մեռելի Ենոքը: Եվ ահա թե ինչու — Դեռ հազիվ էր ասել իր վերոհիշյալ, հետագայում պատմական դարձած, նախադասությունը Քոռ Արութը, երբ գնացքն ուժգին առաջ ցնցվեց, գնացքի ուժգին ցնցումից վայր ձգվեց Քոռ Արութի խուրջինը. այդ վայրկյանին երկրորդ անգամ, ետ ցնցվեց գնացքը. խուրջինը պոկվեց Քոռ