Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/268

Այս էջը սրբագրված է

Արութը ձեռից. ընկնող խուրջինի ետևից բնազդաբար կռացավ, որ բռնի խուրջինը. չբռնեց. կորցրեց հավասարակշռությունը... ընկավ։— «Յա՜, Հարո՜ւթ...»— վախեցած ու լացակումած կանչեց նրա ետևից Մեռելի Ենոքը.— ինքն էլ բնազդաբար կռացավ, ձեռքը մեկնեց, որ բռնի ընկերոջը. չբռնեց. կորցրեց հավասարակշռությունը... ընկավ։— Ու հաջորդ վայրկյանին Քոռ Արութի և Մեռելի Ենոքի, այդ հավիտենական ընկերների մխրճված դիերի վրայով անցնելով, սարսափահար փախչում էր վերջին գնացքը նայիրյան այդ քաղաքից, ուր արդեն ոտք էր դրել ոսոխը, ուր մահ էր արդեն, ավերմունք, անասելի կոտորած, անպատմելի սարսափ...

Եվ այսպես՝ Քոռ Արութի ու Մեռելի Ենոքի սխրալի դիերի վրայով անցնելով՝ հեռացավ վերջին գնացքը նայիրյան այդ քաղաքից, և թշնամին, ոսոխը, մտավ քաղաք։ Մենք չենք պատմի, ընթերցո՛ղ, թե ինչ պատահեց այդ վայրկյանից հետո նայիրյան այդ քաղաքում, որովհետև դա վեր է մեր կարողությունից. կասենք միայն, որ քաղաքում մնաց բազում ժողովուրդ, որ և սրի քաշվեց ոսոխի հորդաների կողմից: Բայց այս չէ էականը, ընթերցող, էականն այն է, որ, բացի ուրեմն, այդ բազում ժողովրդից, քաղաքում մնացին,— և սա էր ամենաէականն ու սարսափելին,— ընկեր Վառոդյանը, Սերգե Կասպարիչը—բժիշկը, և Մազութի Համոն... Մինչև վերջին վայրկյանը նրրանք քաջաբար մնացել էին իրենց դիրքերի վրա, մնացել էին բերդում և հենց Բերդում էլ գերի էին ընկել ոսոխին,— ընկել էին թշնամու