Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/271

Այս էջը սրբագրված է

ՎԵՐՋԱԲԱՆ

Ահա՛ և ամբողջը, ընթերցո՛ղ. ահա և մեր սույն պոեմանման վեպը, որը, վերջին հաշվով ոչ թե վեպ դուրս եկավ, այլ «այլակերպ» մի բան։— «Այլակերպ» բառն առնում ենք չակերտների մեջ, որովհետև այդպես պիտի ասեր սույն այս վեպիս մասին մեզ բավականին ծանոթ Օնիկ էֆենդի Մանուկոֆը, այդ հայտնի անգլիախոս նայիրցին, եթե նա կենդանի լիներ և սույն այս վեպս կարդար։ Այո՛, այսպես պիտի ասեր Հաջին, և մենք միանգամայն համամիտ պիտի լինեինք նրան, որովհետև նա, իբր հմուտ անգլիախոս և պատկառելի նայիրցի, հարց պիտի դներ սույն այս վեպիս ձևի ոչ ամբողջական լինելու, նրանում վեպի էլեմենտար կանոնների բացակայության և հազար ու մի այլ թերությանց մասին, ու՝ մեր բազում քանքարավոր քննադատներին ի խրատ՝ պիտի հիմնավորեր իր կարծիքն իր հմուտ անգլիախոսությամբ և պատկառելի... նայիրասիրությամբ... Բայց — ավա՜ղ, ավա՜ղ,— մեր ստացած ստույգ տեղեկության համաձայն՝ կենդանի չէ այլևս Հաջի Օնիկ էֆենդին, ուստի թողնենք ձևի խնդիրը և անցնենք բովանդակությանը, այսինքն մեր առաջադրած այն հիմնական հարցին, թե ո՞րն է, վերջապես Նայիրին:—