Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/272

Այս էջը սրբագրված է

Ընթերցո՛ղ։

Վաղուց հետե մեր գրականության, մանավանդ բանաստեղծության մեջ չկա՛ մի բառ, որ ավելի հոլովվեր, քան «Նայիրի» գոյականը. բայց, չնայած դրան, մինչև իմ սույն այս պոեմանման վեպը, մեր լեզվագիտության ամուլ անդաստանում չէր ճարվում և ոչ մի Մանուկ Աբեղյան, ՛որ զբաղվեր այդ չամիչի պես գործածական դարձած բառի քերականական կազմությամբ,— և ես, նույն հարգելի Հաջու տերմինով ասած՝ «քամի կուլ տվող» նվաստս էի, որ առաջին անգամ զբաղվեցի այդ քերականական հարցով և գլխի ընկա, որ «Նայիրի» բառը ոչ թե գոյական է, այլ — եթե միայն կարելի է քերականության մեջ այսպես ասել — «մազութի համոյական»... Երևակայում եմ, թե ինչպե՜ս պիտի ծիծաղի Մանուկ Աբեղյանը, երբ իմ այս քերականական նոր տերմինս կարդա. ոչ չպիտի՛ ծիծաղի, բարկանա՛ պիտի նա, եթե այս տերմինս կարդա, բայց մենք չենք բարկանա նրա վրա, որովհետև մեր գործը չէ քերականությունը, և իր, Մանուկ Աբեղյանի անփութության շնորհիվ է, որ ինձ պես համբակները զբաղվում են քերականությամբ: — Մյուս կողմից, կարծում ենք, որ մեզ վրա ևս բարկանալու այնքան էլ հիմք չպիտի ունենա նա, քանի որ մեր, համբակիս, կարծիքով՝ «Նայիրին», իբր քերականության ենթակա մի հանգամանք, այսինքն իբր բառ գոյություն ունենալուց առաջ՝ վաղուց արդեն գոյություն է ունեցել մի շարք ավելի քան պատկառելի մարդկանց մեջ (կարդա սույն վեպս), որպես ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն... Իսկ նման դեպքերում, ինչպես գիտեք, քիչ գործ ունի անելու