Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/278

Այս էջը սրբագրված է

բնույթ, սակայն ես մխիթարում եմ ինձ այն հույսով, որ դրանք զուրկ չեն լինի որոշ «մարդկային» հետաքրքրությունից։ Բացի այս՝ իմ տպավորությունները ես գրի եմ առնում այժմ սեփական հաճույքի համար, քանի որ ինձ քաղցր տխրություն է պատում յուրաքանչյուր անգամ, երբ ես հիշում եմ Երևանի Ուղղիչ Տունը և այն հասարակ մարդկանց, որոնք բավականին ժամանակ ինձ ընկերներ եղան այդ թեկուզև զարմանալի ու յուրօրինակ, բայց այնուամենայնիվ փակ աշխարհում...

1. ՄՈՒՏՔԸ, ՁԱՆՁՐՈԻՅԹԸ, ՄՆՈՅԻ ՔԱՄԱՆՉԱՆ ԵՎ ՀԱՆԵԼՈՒԿԱՅԻՆ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1926 թ, սեպտեմբերի 5-ի գիշերը, ժամը 12-ին, քրեական բավականին ծանր մի հանցանքի համար ես ձերբակալվեցի և տարվեցի Երևանի միլիցիատան քրեական բաժինը։ Ուղիղ մի շաբաթ այդտեղ մնալուց հետո, մի քամի ու փոշի երեկո, Երևանի միլիցիապետի ուղեկցությամբ ես տեղափոխվեցի Ուղղիչ Տունը, որ գտնվում է այսպես կոչված «Նոր կայարանի» դիմացը, զորանոցների կողքին։

Հարկավոր է ասել, որ ես մինչև այդ ոչ մի հասկացողություն չունեի մեր ուղղիչ տների մասին, ոչ մի անգամ չէի եղել նրանցում։ Գիտեի միայն, որ նախկին բանտերը մեզանում վերածված են հիմա ուղղիչ տների, իսկ թե ի՛նչ են ներկայացնում նրանք իրենցից՝ այդ մութ էր ինձ համար այնքան, որքան մութ ու անհրապույր էր այն երեկոն, երբ միլիցիատան կառքը կանգ առավ