Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/279

Այս էջը սրբագրված է

Ուղղիչ Տան փակ դարբասների առջև, և ես կառքի լապտերի աղոտ լույսի ներքո կարդացի ձախ կողմից փակցրած քառակուսի ցուցանակը.—

Ն. Գ. ժ. Կ.

Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ա Կ Ա Ն .

Ո Ի Ղ Ղ Ի Չ ՏՈՒՆ

Դարբասի փոքրիկ դռան վերևը կար մի երկաթյա թակոց, որով և միլիցիապետը թակեց Ուղղիչ Տան դուռը։ Բախումից անմիջապես հետո դռան ձախ կողմից բացվեց մի փոքրիկ պատուհան, որի միջից երևաց զինվորականի գլխարկով մի դեմք։ Ցած ձայնով ասվեցին ինչ-որ խոսքեր, որից հետո դուռը բացվեց, և մենք մտանք Ուղղիչ Տունը— առաջ ես, հետո միլիցիապետը։ Կյանքի այլ պարագաներում առաջինը մտնելը նշան է հարգանքի, իսկ այստեղ այդ, իհարկե, մի քիչ այլ իմաստ ուներ, իբրև մարդկային հարաբերություն... Այս ամենը թողեց ինձ վրա ծայր աստիճանի ծանր, ճնշող տպավորություն.— մշուշոտ, վայրկենական զառանցանքի նման մտքիցս անցավ Ֆյոդոր Դոստոևսկու «Մեռյալ տունը», և ինձ թվաց, թե կյանքը, աշխարհը, իմ բոլոր կապերն ու ծանոթությունները, անգամ արևն ու կապուտակ երկինքը մնացին մեր ետևից փակված դարբասի այն կողմը, իսկ թե ի՛նչ էր ինձ սպասում դարբասի այս կողմը— այդ մութն էր դեռ ինձ համար և այդ մթությամբ՝ ճնշող ու անձկալի։

— Դեպի ձա՛խ,— կարգադրեց միլիցիապետը,— և մենք շուռ եկանք դեպի ձախ և մտանք