Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/285

Այս էջը հաստատված է

մոտենա ու չեմ կանգնի պատուհանի առջև։ Հետո նա դուրս գնաց և դուռը ծածկեց։

— Այստեղ այնքան էլ մռայլ չէ, ինչպես մտածում էի ես, կամ ինչպես եղել է քեռի Դոստոևսկու «Մեռյալ տանը»— ասացի ես ինձ և, պառկելով մահճակալի վրա, սկսեցի լսել Մնոյի երաժշտությունը։ Այդ երեկո— իմ Ուղղիչ Տուն մտնելուս առաջին երեկոն — ես երկար լսեցի այդ նվագը, և այդ նվագն ինձ համոզեց, որ դեռ չի վերջացել կյանքը, որ անսպառ է նա ու անհուն և կրում է իր մեջ անթիվ ու անսպառ բույրեր ու կարելիություններ։— Շնորհակալությո՛ւն Մնոյին։ Եվ այն հիվանդանոցային ծառայողին, որ բաց արեց իմ առջև վերևի հարկից եկող նվագի ու ծափահարությունների գաղտնիքը։ «Այստեղ էլ մարդիկ են ապրում, ինչպես դուրսը, և, ինչպես երևում է, ունեն, ինչպես դուրսը, ապրելու և ուրախանալու բոլոր հնարավորությունները» — ասացի ինքս ինձ և պառկեցի քնելու։

Իսկ հետևյալ առավոտ ես արթնացա բավականին հանգիստ տրամադրությամբ — և այդ օրվանից իմ առջև սկսեց հետզհետե բացվել միանգամայն անծանոթ, աներևակայելի, իր յուրօրինակությամբ և անսպասելիությամբ համարյա զարմանաքի մի աշխարհ...

II. ԾԱՂԿԱՆՈՑԸ, ՈԻՂՂԻՉ ՏԱՆ ՊԵՏԸ, ԱՐՀԵՍՏԱՆՈՑՆԵՐԸ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ

Հետևյալ առավոտ արթնանալիս ես այն զգացումն ունեի, որ մի լավ բան կար երեկ գիշեր քնելուս վայրկյանին և այդ «լավ բանը» ինչ գնով էլ