Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/286

Այս էջը հաստատված է

լինի հարկավոր է հիշել։ Ու հիշեցի իսկույն ախ, հա՛, Մնոյի նվագն էր և վերևի ծափահարությունները...

Շտապ հագնվեցի և առաջին հերթին լայն բաց արի պատուհանը և նայեցի... Եվ այն, ինչ որ բացվեց իմ աչքերի առջև — ես չեմ մոռանա երբեք, ինչպես մարդ չի կարող մոռանալ իր կյանքի ամենապայծառ վայրկյանները։ — Պարզ, անամպ առավոտ էր, կապույտ երկինք։ Իմ պատուհանից մինչև դիմացի կորպուսը բավականին ընդարձակ, մաքուր մի բակ էր և այդ բակի մեջտեղը, իմ պատուհանից դեպի ձախ, ուր բակը ավելի էր լայնանում — փռված էր իմ դեմ մի փոքրիկ, բայց զարմանալի գեղեցիկ ծաղկանոց։ Գուցե ոչ մի առանձին բան չկար այդ ծաղկանոցում, գուցե դրսի աշխարհում նա չթողներ իմ վրա և ո՛չ մի տպավորություն, բայց այստեղ, Ուղղիչ Տան պատերի ներսում, ուր ես սպասում էի տեսնել գորշ պատեր ու մռայլ ամայություն,— այստեղ այդ փոքրիկ ծաղկանոցը թողեց ինձ վրա անասելի պայծառ տպավորություն։ Նրա շուրջը, ինչպես և բակի այլ տեղերում, դրված էին ցածլիկ, երկարավուն նստարաններ։ Մի քանի կալանավորներ նստած դրանց վրա գիրք կամ թերթ էին կարդում, մի քանի ուրիշները շրջում էին բակում ու զրուցում։ Յուրաքանչյուրն իր զգեստներով, քաղաքացիական հագուստով, այնպես որ մի վայրկյան եթե ոռանալու լինեիք Ուղղիչ Տան պատերը՝ կարող էր թվալ, թե ազատ քաղաքացիներ են քաղաքային բուլվարում։— Ես դեռ հափշտակված նայում էի այդ փոքրիկ ծաղկանոցին և ագահաբար շնչում առավոտվա թարմ օդը, երբ սենյակիս դուռը բացվեց