Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/287

Այս էջը հաստատված է

և ներս մտավ ինձ անծանոթ մի անձնավորություն։ Ես հեռացա պատուհանից և ընդունեցի նրա բարևը։

Երեսունհինգին մոտիկ, միջահասակ, լայնաթիկունք, ժամանակից առաջ կիսասպիտակած մազերով։ Բաց դեմք։ Առաջին հայացքից կարելի է ասել, որ բանվոր է եղել, բայց վաղուց թողել է բանվորությունը։ Հագուստը՝ սովորական խորհրդային ծառայողի հագուստ։ Քաղաքացիական շալվար, նույն գույնի բլուզ։ Զենք չունի։

Նա սեղմեց ձեռքս և ասաց իր ազգանունը։ Ես լսել էի, որ այդպես է Ուղղիչ Տան պետի ազգանունը և անմիջապես, օգտվելով առիթից, հարցրի՝ ցույց տալով պատուհանից երևացող բակը.

— Ինձ կարելի՞ է այնտեղ...

— Ոչ, չի՛ կարելի,— ասաց նա հանգիստ՝ ուղիղ նայելով աչքերիս.– այնտեղ քաղաքական կորպուսն է։ Ձեզ կարելի է գնալ քրեական կորպուսի բակը, որը ոչնչով վատ չէ դրանից։

Եվ անսպասելի ժպտաց։

Իսկ ո՞ր ժամերին։

— Երբ որ կամենաք։ Առավոտից մինչև երեկո թե՛ կամերաների, թե՛ կորպուսի դռները բաց են։ Բակ չի կարելի դուրս գալ միայն ժամը երեկոյան 7–ից հետո, իսկ մինչ այդ կալանավորներն ազատ են։ Իսկ գիշերները փակվում են միայն կորպուսի դռները, կամերաների դռները երբեք չեն փակվում։ Երեկոները կալանավորները մինչև ժամը 12-ը կարող են գնալ կուլտ-բաժին, եթե կա ներկայացում կամ կենդանի լրագիր, իսկ եթե ներկայացում-բան չկա՝ մինչև ժամը 9—10-ը՝ գրադարան-ընթերցարան։