Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/288

Այս էջը հաստատված է

— Այս ձեր Ուղղիչ Տունն սկսում է ինձ բավականին հետաքրքրել,— ասում եմ ես ժպտալով։

— Դեռ կծանոթանաք, կտեսնեք։ Առայժմ ասեք՝ ի՞նչ է ձեզ հարկավոր։

Եվ նա նայում է սենյակին։

— Մի գրասեղան։ Ուրիշ ոչինչ։

— Շատ լավ, ես կկարգադրեմ, որ բերեն։ Իսկ այժմ ես գնամ — հարկավոր է բանվորներ ուղարկել։

— Ի՞նչ բանվորներ։

— Դրսի աշխատանքի։ Ուղարկում ենք կալանավորներին դրսի աշխատանքի։

— Պահակո՞վ։

— Ոչ։ Առանց պահակի։ Մշտական թույլտվություններ ենք տալիս, գնում են դրսի աշխատանոցներում աշխատում։ Այսօր հարկավոր է թույլտվությունները փոխել, հների ժամանակն անցել է:

— Իսկ ի՞նչ արհեստանոցներ են դրանք։

— Դրսում առայժմ ունենք կոշկակարանոց և դերձականոց։ Իսկ ներսում՝ հյուսնոց, դարբնոց, խոզանականոց և այլն։ Ա՛յ, երբ որ թեյ խմեք վերջացնեք՝ եկեք տեսեք։

Եվ Ուղղիչ Տան պետը ելնում է դուրս։

Ես արագ լվացվում եմ և անմիջապես բակը վազում։ Հիվանդանոցից դուրս գալիս՝ աջ կողմը ձգվում է բակը՝ մինչև Ուղղիչ Տան պատը, դիմացը՝ գրասենյակն է, որից այն կողմը՝ քրեական բակի դարբասը, իսկ ձախ կողմը՝ քրեական կորպուսի պատը։ Այդ ժամանակ, երբ ես նոր էի ընկել Ուղղիչ Տուն՝ հիվանդանոցից դեպի աջ, կամ դրսից