Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/289

Այս էջը հաստատված է

մտնելիս՝ դեպի ձախ, մինչև պատը ձգվող տարածությունը դեռ դատարկ էր. այնտեղ ցցված կար միայն ջրմուղային մի խողովակ, որի առջևը, լվացվում էին կալանավորները։ Երբ ես դուրս եկա բակ՝ տեսա մի խումբ մարդիկ, որ լվացվում էին այդտեղ, կամ շրջում։ Նրանցից մի քանիսը գրավեցին իմ ուշադրությունը։ Մաքուր, կոկ հագնված, սափրված, ինտելիգենտ դեմքերով երիտասարդներ։

— Ովքե՞ր են դրանք,— հարցրի հիվանդանոցի ծառայողին։

— Գրասենյակը կաշխատին։

— Կալանավորներ են, թե դրսից են գալիս։

— Կալանավորներ են։

«Այ քեզ տարօրինակ կալանավորներ».— մտածեցի ինքս ինձ.— «նայես ի՞նչ գործերով են բռնված»:

Գնացի պետի առանձնասենյակը։ Միջակ մեծությամբ մի սենյակ. գրասեղան. մի քանի նստարաններ։ Կարծում էի, թե մուտքի առաջ պահակ կլինի. չկար։ Կալանավորներն ազատ մտնում ու դուրս էին գալիս զանազան խնդիրքներով։ Երբ ես ներս մտա՝ պետի հետ խոսում էր մի տարիքոտ գյուղացի կալանավոր:

— Ինչո՞ւ համար ես ուզում քաղաք գնալ, հարցնում էր պետը կալանավորին։

— Օղլուշաղս է էկե գեղեն, էրթամ տեսնիմ...

— Է, թող ինքը գա՝ տե՛ս։

Կալանավորը նայում է գետին և ամոթխած ժպտում։

— Լա՛վ,— ասում է պետը՝ այդ պերճախոս փաստարկումից հետո ինքն էլ ժպտալով.— գնա՛