Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/290

Այս էջը հաստատված է

մինչև ժամը 5-ը, բայց չուշանաս։ — Քանի՞ տարով ես վճռված։

— Երեք։

— Ինչքա՞ն ես նստել։

— 8 ամիս։

— Խիստ մեկուսացում ունե՞ս։

— Ունեի՝ անցած շաբաթ հանեցին։

— Կերթաս առանց պահակի, բայց տես՝ չխմես:

Պետը զանգահարում է կողքի գրասենյակից մտնում է մի պաշտոնյա, որին կարգադրվում է թույլտվություն գրել այդ կալանավորի համար— և կալանավորը պաշտոնյայի ետևից մտնում է գրասենյակ։

— Ուզո՞ւմ եք,— ասում է Ուղղիչ Տան պետը վեր կենալով և դիմելով ինձ.— գնանք մեր արհեստանոցները տեսեք։

Ես սիրով համաձայնում եմ, և մենք գնում ենք արհեստանոցները։

Առաջին արհեստանոցը, որ մենք մտնում ենք դարբնոցն է։ Գտնվում է Ուղղիչ Տան մուտքից անմիջապես դեպի աջ։ Արհեստանոցը փոքր է, անհարմար։ Շինում են երկաթյա մահճակալներ, թիթեղե վառարաններ և այլն։

— Այս տարի մտադիր ենք բոլոր փայտե կոյկաները փոխել երկաթե մահճակալների,— ասում է պետը.— մի մասը, քաղաքական կորպուսում, արդեն փոխել ենք, հիմա կամաց-կամաց փոխելու ենք և մյուսները։ Արհեստանոցը փոքր է, մտադիր ենք հիվանդանոցի բակում նոր արհեստանոցներ շինել։