Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/292

Այս էջը հաստատված է

տալիս ինչպես Ուղղիչ Տանը, այնպես էլ այդտեղ աշխատող կալանավորներին։

Այդտեղից մենք անցնում ենք կողքի սենյակը, ուր ծրարներ են պատրաստում։

— Իսկ երեկոյան, կամ, կուզեք հիմա՝ կարող եք գնալ կուլտ-բաժինը և տեսնել այնտեղ մեր նկարչական արհեստանոցը, ուր նաև շրջանակներ և այլ իրեր են պատրաստում։ Այժմ ինձ ներքևում սպասում է Նիկոլաևը, մեր տեխնիկը, որ նոր արհեստանոցների նախագիծ է պատրաստել։ Ուզո՞ւմ եք՝ գնանք միասին տեսնենք։

Մենք դուրս ենք գալիս, որ գնանք գրասենյակ և այդտեղ, միջանցքում, մեզ կրկին հանդիպում են կին կալանավորները։ Նրանցից մեկը մոտենում է պետին։

— Ընձի պապիրոս տո՛ւր,— ասում է կարճ ու կտրուկ։

— Ու, թաղե՜մ գլուխդ,— երեսը իբր թե ամոթխածությունից մի կողմ շուռ տալովս ասում է նրան մյուսը։

Ուղղիչ Տան պետը տալիս է առաջին կնոջը մի գլանակ և դառնալով դեպի ինձ.

— Ճանաչո՞ւմ ես մեր Անուշին ու Մարգարիտին,— ասում է ժպտալով։ Այս խոսքերի վրա կրկին քահ-քահ ծիծաղում են Մարգարիտն ու Անուշը և մտնում կամերա։ Հետագայում, երբ զանազան պատճառներով քաղաքի հետ ունեցած իմ կապը կտրվեց, նրանք լվանում էին իմ սպիտակեղենը, մաքրում շորերս,— մի խոսքով՝ ցույց էին տալիս դեպի ինձ շատ բարեկամական վերաբերմունք, որին իբրև շնորհակալություն ես նվիրում էի նրանց