Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/302

Այս էջը հաստատված է

կազմը։— Իհարկե, ինչպես իմ հետագա դիտողթյունները պարզեցին՝ և դա այլ կերպ չէր էլ կարող լինել՝ այս խմբերից յուրաքանչյուրը ևս իր հերթին կարելի էր ենթարկել շերտավորման, մասնավորապես գյուղացիականը։— Կային շքավոր գյուղացիներ և կային կուլակներ, որոնք Ուղղիչ Տան բնակչության ներքին, կենցաղային շերտավորման խնդրում ոչ մի դեր չէին կատարում։ Գյուղացիներն ընդհանուր առումով ապրում էին իրենց կենցաղով, լյումպեններն՝ իրենց, իսկ նախկին խորհրդային ծառայողներն՝ իրենց։ Այս տեսակետից էլ նրանք ինձ հետաքրքրում էին.— կալանավորական ներքին կենցաղի տեսակետից։ Այն հասարակությունը, ուր ես ընկել էի,— արտաքին աշխարհից կտրված, առանձնացված մի հասարակություն էր, որի մեջ, բացի ընդհանուր սոցիալական օրենքները՝ պե՛տք է որ նշանակություն ունենային և մի շարք այլ, սպեցիֆիկ օրենքներ, որ բխում էին Ուղղիչ Տան պայմաններից։ Այդտեղ պետք էր որ լինեին զուտ−կալանավորական, դրսի աշխարհում ոչ մի նշանակություն չունեցող, շահեր, որոնց իբր վերնաշենք՝ պիտի գոյություն ունենային կալանավորական՝ ներքին−կենցաղալին հասկացողություններ ու բարոյական նորմեր։ Ինձ ամենից առաջ հարկավոր էր ծանոթանալ այդ հասկացողություններին ու նորմերին, որպեսզի ես հնարավորություն ունենայի մուտք գործել դեպի այդ հասարակության սիրտը, հավասար անգամ դառնալ այդ հասարակության, թափանցել նրա էության խորքը և հասկանալ նրա հոգեբանությունը...

Մտածելով այս ամենի մասին՝ ես կրկին իջա քրեական կորպուսի բակը և սկսեցի նայել