Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/303

Այս էջը հաստատված է

կալանավորներին։ Այո՛, գյուղացիներ, լյումպեններ և նախկին խորհրդային ծառայողներ։ Նրանք շրջում էին, դեսուդեն գնում, զրուցում,– իսկ ես կանգնած էի մենակ և միտք էի անում, թե նայես այս երեք խմբերից որի՞ ձեռքին է գտնվում կալանավորական ներքին ռեժիմը՝ ո՛չ թե վարչական, այլ կենցաղային իմաստով։ Կալանավորների ո՞ր տարրն է արդյոք այս խայտաբղետ հասարակության ներքին հեգեմոնը՝ կալանավորական բարոյական նորմերի ու իդեալների կրողը։ Ներսում, իրենց մեջ, իրենց առօրյա ընկերական֊կենցաղային հարաբերություններում և ո′չ թե վարչական կարգով, ըստ Ուղղիչ Տան պաշտոնական ռեգլամենտի։ Մտածում էի, որ սրանք երևի կունենան իրենց ազդեցիկ մարդիկ, իրենց ավտորիտետները․․․ Եվ աշխատում էի գուշակել, թե ինձ շրջապատողներից ո՞րը կարող է այդպիսին լինել․․․

Սակայն ինձ ճնշում էր մենակությունը և ես բնազդաբար քայլերս ուղղեցի դեպի գրասենյակը։ Մի հաճելի, փրկարար գյուտ արածի նման՝ ուրախացած հիշեցի, որ արդեն ժամանակ է գնալու պետի առանձնասենյակը՝ նոր արհեստանոցների նախագիծը տեսնելու․․․

Եվ ես քայլերս արագացրի որ մի անհետաձգելի գործով զբաղված մարդու մտահոգությամբ մտա Ուղղիչ Տան գրասենյակը, պետի առանձնասենյակը։

IV. ԿՐԿԻՆ ՈԻՂՂԻՉ ՏԱՆ ՊԵՏԸ․

ՆՈՐ ԱՐՀԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈԻԹՅՈԻՆԸ․

ԲԵՆԺԱՄԵՆԻ ՄԱԶԵՐԸ ԵՎ ԼԱԶԳՈԻ ԿԱՐԾԻՔԸ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ

Երբ մտա պետի առանձնասենյակը՝ այդտեղ արդեն նստած էր տեխնիկ Նիկոլաևը, որի գլխարկից